Արայիկ Հարությունյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարությունների մասին

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության կազմի ընտրությանը, նախարար Հարությունյանն ասաց, որ ընտրությունների ժամանակ ներքին խմբեր չի նկատել

Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ եթե այսօրվա իշխանությունները դասեր չքաղեն թավշյա հեղափոխությունը կլինի թավշյա հեռացում, ասաց, որ կուսակցությունում առհասարակ սիրում են ցանկացած իրավիճակում վերլուծել և դասեր քաղել. «Դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում: Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում ու լուծումներ կան: Ես չեմ կարծում, թե մենք ունենք իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»:

Հարցին, թե ինչո՞ւ Միքայելյանի և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև տեղի ունեցածը դուրս եկավ կուսակցությունից, Հարությունյանը նշեց, որ ՔՊ-ն իշխանական, մեծացող քաղաքական ուժ է. «Մեր ուժը եղել է հրապարակային: Դրա համար խնդիր չեմ տեսնում բանավեճի մեջ: Կարգավորումներ կլինեն»:

Հարությունյանն ասաց, որ հարցը կուսակցությունում կքննարկեն:

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության կազմի ընտրությանը, նախարար Հարությունյանն ասաց, որ ընտրությունների ժամանակ ներքին խմբեր չի նկատել. «Եղել են ընտրություններ: Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, դրանք կքննարկենք»:

ՔՊ-ում ինտրիգներ չկան:

Հարությունյանը հայտարարեց, որ Սասուն Միքայելյանի արտահայտած մտքերն ու մտահոգություններն անպայման կքննարկվեն, մինչ այս քննարկում չի եղել: