Արևմուտքը երկար ժամանակ Փաշինյանին փոխարինող այլընտրանքային թեկնածու է փնտրում: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ ինչ-որ պահի Հայաստանի վարչապետին խորհուրդ կտան կազմակերպել արտահերթ ընտրություններ, որոնցում Փաշինյանին փոխարինող թեկնածուներ կհայտնվեն։
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունն ընդունակ չէ իրականում բավարարել իր պահանջները։
«Իրենց ոչ միայն Փաշինյանն է պետք որպես խոսող ղեկավար, այլ գործողություններ են պետք, օրինակ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը, այլ ոչ միայն հայտարարություններ դրա մասին»,- նշել է նա։
Հակոբյանը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք հեծանիվ քշելով են զբաղված, վկայում է նրա մասին, որ հասկանում են՝ իրենցից ոչինչ կախված չէ։
«Այն ամենը, ինչ հնարավոր էր ձախողել, նրանք ձախողել են: Իշխանությունները պարզապես հետևում են և հույս են փայփայում, որ կարող են խուսափել իրենց համար վատթարագույնից՝ իշխանության կորստից։
Նրանք փորձում են մեկուսանալ բոլոր գործընթացներից՝ հասկանալով, որ իրենց կատարած յուրաքանչյուր քայլը կարող է ավելի վատթարացնել ինչպես իրենց, այնպես էլ ամբողջ երկրի վիճակը։ Այսպես կոչված խաղաղության օրակարգի տապալումից հետո նրանք հասկանում են, որ ոչ ոք չի կարող երաշխավորել իրենց իշխանության պահպանումն ու անձնական անվտանգությունը։
Իշխանությունները հասկանում են, որ Լուկաշենկոյի խոսքերը Պուտինի խոսքերն են: Ուստի Հայաստանի իշխանությունները թուլության պատճառով փորձում են էլ ավելի չվատթարացնել իրավիճակը և չարձագանքել նրա հարձակումներին։ Բայց միևնույն ժամանակ նրանք շատ սուր են արձագանքում Ռուսաստանի հայտարարություններին, այն էլ՝ հարկադրաբար՝ արտաքին ուժերի թելադրանքով»,- ընդգծել է նա։
Հակոբյանը պարզաբանել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են միավորներ հավաքել Արևմուտքի առաջ և ցույց տալ, որ կարող են կոնկրետ պատասխանել Ռուսաստանին և գործողություններ ձեռնարկել նրա դեմ։
«Դա արվում է այն հույսով, որ Արևմուտքը դժվարին իրավիճակում կփրկի իրենց»,- նշել է փորձագետը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանը Ռուսաստանը այլևս չի հետաքրքրում: «Մինչև վերջերս այդպես չէր, քանի որ Փաշինյանի վարած քաղաքականությունը լեգիտիմացնում էր Մոսկվայի՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշինքի պարտավորությունները չկատարելը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մերձեցումը Բաքվի և Անկարայի հետ։
Հայաստանն այժմ Մոսկվային հետաքրքրում է միայն Սյունիքով անցնող միջանցքի վերահսկողության հարցում, որպեսզի այն առնվազն Արևմուտքի վերահսկողության տակ չհայտնվի»,- եզրափակել է Հակոբյանը։
0Comments