Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում, ի թիվս Ապրիլյան պատերազմին առնչվող տարբեր դիտարկումների՝ անդրադարձել էր նաև հարցին, թե, ի վերջո, ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել։
«Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հաղթել եմ Իլհամ Ալիևին: Բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում, և դա՝ հօգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ ինքն օգտագործել է գործողություններ, ինքն այդ դիրքերի առավելությունները պահել է․ 20 դիրք»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր Անդրանիկ Քոչարյանը։
168.am-ը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին խնդրեց անդրադառնալ այս հայտարարություններին, ինչին ի պատասխան՝ նա նշեց․
«Փաստացի կապիտուլյանտ և դավաճանության մեջ կասկածվող իշխանության ներկայացուցիչներն իրավունք չունեն անգամ ծպտալու։ Հայրենիքն ամբողջությամբ հանձնածը 20 դիրքի՞ց է խոսում, իսկ ո՞ւր է մնացել տարրական ամոթն ու նամուսը։ Այստեղ ամենաբարեկիրթ քրիստոնյան անգամ հայհոյանքի տարափ կտեղար։ Նրանք, լավ է՝ սուս ու փուս սպասեն իրենց պատասխանատվության ժամին։ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան, Ջրականը, Վարանդան, Կովսականն ու Իշխանաձորը թշնամու հետ խաղարկային պատերազմում նվիրած կապիտուլյանտները դեռ Ապրիլյանի՞ց են խոսում։ Իշխանական թայֆայում բարոյականության ճգնաժամ է, բայց այդ աստիճա՞ն»։
Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։ Այս տեսաուղերձներից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթանակ է տարել, Ադրբեջանը՝ պարտվել, ասել էր․ «Իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը, վերջերս, կարծեմ հարցազրույցներից մեկում շատ դիպուկ նշել էր՝ եթե Հայաստանը մի քանի հատ էլ էսպիսի հաղթանակ տոներ ապրիլյան պատերազմի ընթացքում, մենք, շատ հնարավոր է՝ Արցախը կորցնեինք»:
Ա. Քոչարյանը նաև նշել էր, որ քառօրյայի ընթացքում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ. «…Այո, և դրա մեջ՝ նաև Լելե-Թեփեի շատ կարևոր դիրքեր, որը Սերժ Սարգսյանն այդպես էլ կարևորությունը չկարողացավ ընկալի»:
Ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած՝ «ավելի քան երկու տասնյակից ավելի» արտահայտությանը, ասել էր․ «Այսօր նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալու հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Մի բան կարող եմ ասել, որ սխալ թիվ է հնչել, և կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել»:
Այդ օրերին 168.am–ն Ապրիլյան պատերազմի, պատերազմի շուրջ ծավալված ու ցայսօր շարունակվող ամենատարբեր քննարկումների մասին զրուցել էր նաև Ապրիլյան քառօրյայի ժամանակահատվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Նա մասնավորապես ասել էր՝ «Ռազմավարական առումով՝ մենք կորուստներ չենք ունեցել, նույնիսկ շրջանառության մեջ գտնվող՝ Արցախի հարավ-արևելյան մասում գտնվող Լելե-Թեփե բարձունքն իրենից ո՛չ ռազմավարական առումով, ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ գյուղատնտեսության մշակման առումով ո՛չ մի արժեք չի ներկայացնում՝ մանավանդ, որ այդ տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքերն ավելի ամուր են և ավելի բարձր: Մարտավարական առումով՝ խրամատային մարտական գործողությունների պատասխանատվությունն անկասկած կրում է անմիջական կա՛մ զորամասի, կա՛մ ստորաբաժանման հրամանատարությունը, և այդ առումով՝ մեկնաբանություն կարող է տալ ՊՆ ղեկավարությունը:
Ես, ընդհանուր առմամբ, դեմ եմ բոլոր այն տվյալներին, որոնք թվային տվյալներ են իրենց մեջ պարունակում, և դրանք հրապարակայնացնում են, որովհետև Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարող է այն փաստաթուղթը, որը կազմվել է, հարմար չգտնի հրապարակել: Ի դեպ, ՀՀ երրորդ նախագահն էլ ասաց, որ մենք այդ փաստաթուղթը կազմել ենք մեր ներքին օգտագործման համար, և այնտեղ ոչ ոք չի խնայվել, այսինքն՝ քննադատության են ենթարկվել բոլոր այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն»։
0Comments