Մումբայի հետնախորշերը Թաջ Մահալից ավելի հանրահայտ են դարձել

Մանրամասներ

Հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից գալիս են տեսնելու Ասիայի ամենախոշոր հետնախորշի նեղլիկ փողոցները։ Այսպես կոչված «հետնախորշային տուրիզմը» կամ «աղքատության տուրիզմը» ավելի մեծ հեղինակություն է ստանում։ Զբոսաշրջիկները փնտրում են շրջաններ, որոնց բնակիչներն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, որպեսզի իսկապես հասկանան, թե ինչպես են ապրում այդ մարդիկ, տեղեկացնում է BBC-ն։

Վերջերս TripAdvisor կայքը Դհարավի հետնախորշի էքսկուրսիան անվանել էր ամենատարածված զբոսաշրջային երթուղին Հնդկաստանում՝ այն անգամ ավելի բարձր դնելով Թաջ Մահալ այցելությունից։

«Նրանց մեծ մասը գալիս է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Ավստրալիայից»,- ասում է Քրիշնա Փուջարին, որը 2005 թվականին հիմնադրել է Reality Tours and Travel ընկերությունը, որը շրջագայություններ է կազմակերպում հետնախորշերում։ Սա տեղի առաջին ընկերություններից է, որն զբաղվում է բացառապես հետնախորշային տուրիզմով Դհարավիում։

Դհարավին գտնվում է Մումբայի կենտրոնում, թակարժեք տեղամասում։ Նրա անվերջանալի նեղ փողոցներում, արհեստանոցներում ու անձուկ խրճիթներում մոտ մեկ մլն մարդ է ապրում։

Այստեղ կան հանրային զուգարաններ եւ ջրի աղբյուրներ, բայց սանիտարիան վատ վիճակում է՝ փողոցների երկայնքով կարելի է տեսնել բաց կոյուղիներ։

Շատ բնակիչներ աշխատում են ոչ մեծ արհեստանոցներում, որոնք ասեղնագործ հագուստ են կարում, բարձրորակ կաշվե իրեր, ինչպես նաեւ խեցե եւ պլաստմասե իրեր պատրաստում։ Որոշ գնահատականներով՝ տեղական բիզնեսի ընդհանուր տարեկան շրջանառությունը գերազանցում է 650 մլն դոլարը։

Բայց կան նաեւ աղբահավաքներ, տաքսու վարորդներ, որակավորում չունեցող աշխատողներ՝ անանուն, անդեմ մարդիկ, որոնց շնորհիվ այս ընդհանուր առմամբ անշնորհակալ քաղաքը մնում է «ջրի երեսին»։

Նրանք զբաղվում են իրենց ամենօրյա գործերով՝ հաճախ աշխատելով առանց ընդմիջման։