Օսիպյանը ռեկորդ է սահմանում

Փաստացի նա հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը խուլիգան է, այն էլ՝ երկրի գերագույն գլխավոր խուլիգանը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկակի ստանդարտակիրի է, այդ հարցում օրերս նա ռեկորդ սահմանեց: Որքան էլ նա վստահեցնի, որ ինքը եւ իր ղեկավարած կառույցը բոլորի ոստիկանությունն են, բայց երբ հերթը հասնում է գործին, Օսիպյանը օրենքի պահպանումն իրականացնում է մի լավ ծանրութեթեւ անելով: Օրինակ, երբ Նարեկ Մալյանն ու մի խումբ ՀՀ քաղաքացիներ Սորոսի գրասենյակը շրջափակել ու բողոքի ակցիա էին անում, ոստիկանություն բիրտ ուժերի կիրառմամբ կարճ ժամանակում ցրեց ցույցը, իսկ երբ դատարաններն էին Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակում, Օսիպյանի մարդիկ մատը մատին չխփեցին, ինքն էլ ասաց, թե ոչ օրինական բան չեն տեսել:

Իր վերջին ասուլիսի ընթացքում Օսիպյանը ռեկորդ գրանցեց՝ հայտարարելով, որ «փողոց փակելը խուլիգանություն է» : Օսիպյանն այդ արտահայտությունն արեց Իջեւանում հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում.«Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Իջեւանում, դիտում ենք որպես խուլիգանություն, անկարգություն: Խուլիգանություն է, երբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկաիշներով էլ քրգործ հարուցվեց: Մեր նպատակն էր նրանց հայտնաբերել ու օրենքի ողջ խստությամբ պատժել: Այս պահին ունենք այս տվյալները՝ բերման ենթարկված են եղել 29, ձերբակալվել էին 13-ը, երկու օր առաջ կալանավորվել են 10-ը: Աշխատանքները շարունակական են լինելու: Մենք ունենք ցանկ, թե ովքեր են այդ օրը ակտիվ դերակատարներ եղել՝ փակելով փողոցը, դիմադրություն ցույց տալով ոստիկանության ծառայողներին՝ այդ թվում մարմնական վնասվածքներ հասցնելով նրանց»: Փաստացի փողոց փակելը խուլիգանություն է, եթե դա չի անում Նիկոլ Փաշինյանը կամ դա չի արվում իր կոչ-հորդորներով: Իսկ եթե ինչպես Օսիպյանն է վստահեցնում օրենքի առջեւ հավասար են բոլորը եւ կնքն էլ բոլորի ոստիկանապետն է, ապա ստացվում է, որ Հայաստանի թիվ մեկ խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է, ով փողոց փակելով հասավ իշխանության ուզուրպացիայի ու հիմա էլ լինելով պետության ղեկավար շարունակում է դատարանների մուտքեր շրջափակել, ՍԴ-ի շենքը պաշարել եւ այլն:

Այսպիսով Օսիպյանը փաստացի հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը խուլիգան է, այն էլ՝ երկրի գերագույն գլխավոր խուլիգանը:

Արձանագրենք նաեւ, որ երբեմնի հեղափոխական ու բարի Օսիպյանն արդեն զիջել է իր տեղը նախկին բիրտ , զանգվածային բողոքի ակցիաների նկատմամբ առանձնակի ատելություն տտածող Օսիպյանին: Սակայն որքան էլ Օսիպյանը փորձի վախեցնել քաղաքացիների աչքը, միեւնույն է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ իր գործիքով են պայքարելու, հատկապես, որ վերջինս արդեն ապացուցել է դրա արդյունավետությունը:

Անի Սահակյան

hayeli.am