«Հրապարակ»-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն այս ուրբաթ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու վրա նոր հարկեր սահմանելու մտադրության մասին, քանի որ Երևանում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ բարձրաստիճան հոգևորականի գլխավորությամբ։ Այս մասին հերթական հոդվածում գրել է Les Nouvelles d'Arménie-ին:
Եկեղեցին պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա համախոհներին, որոնք Երևանում երթի ժամանակ պահանջել են Փաշինյանի հրաժարականը Ադրբեջանին տարածքային վիճելի զիջումների պատճառով։ Փաշինյանի քաղաքական դաշնակիցները Բագրատ սրբազանին մեղադրում են քաղաքականությանը միջամտելու մեջ։ Նրանցից մեկը՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, մայիսի 21-ին ասել է, որ եկեղեցին պետք է հարկվի, ինչպես հայկական բիզնեսը։ Ինքը Փաշինյանը չբացառեց, որ նման միջոցառումներ կարող են ձեռնարկվել մոտ ապագայում:
Եկեղեցին ներկայումս վճարում է եկամտահարկ և մաքսատուրք իր ներմուծած ապրանքների և հումքի համար: Այն ազատված է գույքահարկից։ Հայաստանի խորհրդարանի ֆինանսների և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասաց, որ ինքը և իր իշխանական գործընկերները ցանկանում են վերացնել այդ բացառությունը.
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր: Խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական տարածքների, տարբեր արտադրական տարածքների, տների: Սրանք ուսումնասիրվում են, և կգա ժամանակ, որ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, և կունենանք նախագիծ: Խնդրում եմ՝ երբ խոսում եք հարկվել-չհարկվելու մասին, առանձին հարկատեսակների մասին խոսել»:
Իր հերթին, Փաշինյանի նախկին անձնական փաստաբան Ռուստամ Բադասյանը, ով ներկայումս ղեկավարում է Պետական եկամուտների կոմիտեն, պաշտպանել է Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում հավատացյալների կողմից վաճառված և վառվող մոմերի վրա 20 տոկոս ավելացված արժեքի հարկ գանձելու գաղափարը: Մոմերի վաճառքը եկամտի հիմնական աղբյուրն է 1700-ամյա այս կրոնական հաստատության համար, որը Խորհրդային Միության տարիներին լուրջ մարդկային և նյութական կորուստներ է կրել, հիշեցնում է ֆրանսիական պարբերականը:
Թեև Ծովինար Վարդանյանն ասաց, որ եկեղեցու հարկման վերաբերյալ ծրագրերը կապված չեն վերջին քաղաքական զարգացումների հետ, սակայն և՛ Փաշինյանը, և՛ Սիմոնյանը դրանք մատնանշեցին Գալստանյանի գլխավորած բողոքի ցույցերի նկատմամբ իրենց խիստ քննադատության համատեքստում։
Բողոքի ցույցերին մասնակցած ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը դատապարտել է կառավարության ծրագրերը: Նա մեջբերել է Հայաստանի սահմանադրության մի հոդված, որը ճանաչում է եկեղեցու «բացառիկ դերը» երկրի պատմության և հասարակական կյանքում։ Երևանից 20 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող պատմական քաղաք Էջմիածնում գտնվող եկեղեցու գլխավոր կենտրոնակայանից անմիջապես արձագանք չեղավ: Անցյալ շաբաթ պատասխանելով Սիմոնյանին՝ արքեպիսկոպոս Գալստանյանը պնդեց, որ եկեղեցին երբեք փոխհատուցում չի խնդրել կամ ստացել կառավարությունից՝ իր աղոթատեղիների և այլ ապրանքների մեծ մասի ոչնչացման կամ բռնագրավման համար: Առաքելական եկեղեցին հիմնադրվել է 301 թվականին, երբ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հայ հավատացյալների ճնշող մեծամասնությունը դեռևս դրա մաս է կազմում:
Փաշինյանի հարաբերությունները Եկեղեցու և նրա գերագույն առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսի հետ, մասնավորապես, շարունակել են վատթարանալ վարչապետի պաշտոնավարման վեց տարիների ընթացքում։ Նրանց միջև լարվածությունն էլ ավելի մեծացավ անցած հոկտեմբերին, երբ Գարեգին Կաթողիկոսը մեղադրեց Փաշինյանին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերագրավման և դրա հետևանքով տարածաշրջանի հայ բնակչության զանգվածային արտագաղթի մեջ, նշում է Les Nouvelles d'Arménie-ին:
Երեքշաբթի օրը դրանք ընդգծվեցին Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ միջադեպով, որը խաթարեց հայկական առաջին հանրապետության ստեղծման 106-ամյակի տոնակատարությունները։ Ոստիկանությունը փորձել է ֆիզիկապես արգելել Գարեգին Բ-ին այցելել հուշահամալիր՝ Փաշինյանի գլխավորությամբ հետաձգված պաշտոնական արարողությունից անմիջապես առաջ։ Կաթողիկոսը և նրան ուղեկցող այլ հոգևորականներ ստիպված են եղել հատել ոստիկանական պատնեշը՝ ծաղիկներ դնելու համար, եզրափակել է հեղինակավոր պարբերականը:
0Comments