Պարգևատրումներ եղել են և կլինեն

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել է, որ սա եռամսյակային պարգևատրումներ են

Երևանի քաղաքապետարանի էջից տեղեկանում ենք, որ աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները պարգևատրումներ են ստացել:

Ամենից շատ պարգևատրվել են՝ քաղաքապետի առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ 965.000 դրամ յուրաքանչյուրին:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգևատրվել է 840.000 դրամով։ Նույն չափով պարգևատրվել են մի քանի վարչության պետեր:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ սա եռամսյակային պարգևատրումներ են.«Պարգևավճարներ եղել են դեկտեմբերին, ապրիլին, հուլիսին: Կլինեն նաև սեպտեմբերին և դեկտեմբերին»: 
Կարապետյանի խոսքով՝ հասարակությունն իրավունք ունի ստանալու պարզաբանումներ այս կամ այն գործողության վերաբերյալ.«Եվ հասարակությունը ստանում է այդ պարզաբանումը: Ամեն բան իրականացվում է օրինականության սահմաններում և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու սկզբունքների համաձայն»: