Բուհերի ապաքաղաքականացումը լիարժեք տեղի է ունեցել․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել պետական բուհերի միավորման, և առաջինը այդ շարքում Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարական համալսարանն են

Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել պետական բուհերի միավորման, և առաջինը այդ շարքում Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարական համալսարանն են։ Նպատակն է միավորել ու միջդիսցիպլինար համագործակցություն իրականացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նոր իշխանությունը խոսում էր բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման մասին, բայց հիմա հակառակն է անում ու պաշտոնյաներ է ներգրավում այդ խորհուրդներում։

«Ինձ համար տարօրինակ է, որ ապաքաղաքականացման մասին եք խոսում բուհերի, որովհետև դա լիարժեք տեղի է ունեցել։ Եվ էն մարդիկ, ովքեր կան բուհերի խորհուրդներում, նրանց էստեղ ընդգրկելու հիմնական նպատակը առնչությունն է և հասարակության մեջ ունեցած նրանց ազդեցությունը։ Եթե Դուք խոսում եք որոշ պատգամավորների մասին, ապա նրանց թիվը շատ փոքր է էդ բուհերում․ մի քանի հարյուրներից կարող ենք մեկ ձեռքի կամ երկու ձեռքի մատների վրա հաշվել։ Եվ էստեղ նրանց ընդգրկելը ամենևին նպատակ չի ունեցել քաղաքական ազդեցություններ ունենալու, այլ նպատակ է ունեցել ապահովել տվյալ բուհերի զարգացումը»,- ասաց նախարարը։

Դիմելով հարցը տվող Գորգիսյանին՝ Հարությունյանն ասաց, որ եթե ուշադիր նայեն, կտեսնեն, որ իրենց (Գորգիսյանի) կուսակցությունից ու այլ կուսակցություններից էլ մարդիկ կան այդ խորհուրդներում։