Ինեսսա Պետրոսյանը ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության և էթիկայի սահմաններից

Գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:

Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որևէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի և պրոֆեսիոնալիզմի հետ:

Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ»: