Մեր հարաբերությունները չեն վատանալու. Ծառուկյան

Այսօր հիմնական խնդիրը վարչապետին ներքին, արտաքին տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները ներկայացնելն է

Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին:

«Բոլորը հիմա կուսակցություններ են բացում, ինչ-որ շարժի մեջ են, հանգիստ թողեք տնտեսությունը զարգանա: Այդպիսի բան չկա, չի էլ կարա լինի»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց. «Շատ կառուցողական, ներդրումային, որ ասենք թե ուզում ենք, առաջարկում ենք, որ հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել: Իսկ ճիշտ չներկայացողները պատասխան են տալու: Այսօր հիմնական խնդիրը վարչապետին ներքին, արտաքին տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները ներկայացնելն է: Վարչապետի ուզածն ի՞նչ ա, որ իր երկիրը հզորանա, զարգանա, շարժ լինի: Չի կարող պատահի, որ նա վատն ուզի»:

Ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ է սխալ ներկայացնում վարչապետին, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այդ հարցը տվեք տվյալ ոլորտի պատասխանատուին: Մեկ տարի եղավ, արդյունք չտվեց, մարդն իր տեղը պետք է զիջի: Վարչապետը պետք է նրանց փոխի: Վարչապետը բոլորին լսում է եւ ինչպես մտածում է՝ այդպես էլ անելու է»: