Գլխացավը ոչ թե հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ

Սպազմի արդյունքում առաջացած գլխացավն ավելի հեշտ է բուժել, քան միգրենը

Ամբողջ մարդկությունը ծանոթ է «գլխացավ» կոչվող խնդրին: Գլխացավը ոչ թե հիվանդություն է, այլ տարբեր հիվանդությունների ախտանիշ:

Գոյություն ունեն գլխացավի առաջացման շատ պատճառներ: Քանի որ ցավն ընդունող նյարդային վերջավորություններն ուղեղում տեղակայված են հավասարաչափ, ապա առաջացած գլխացավն էլ կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով. մեխանիկական` որն առաջանում է հարվածի ժամանակ, թերմոցավեր, որը կախված է մարմնի ջերմաստիճանից, գլխի ուղիղ սառեցումից կամ տաքացումից, եւ քիմիական` օրինակ`սննդային թունավորումներ:

Գլխացավը հաճախ կարող է առաջանալ մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխություններից: Գործնականում առանձնացնում են գլխացավի մի քանի տեսակներ. անոթային գլխացավ` օրինակ, միգրենը, գլխացավ` կապված գլխուղեղի օրգանական հիվանդության հետ, գլխի վրա գտնվող այլ օրգանների հետ կապված գլխացավ` օրինակ, քիթ, ականջ ու ատամ, պարանոցային ծագում ունեցող գլխացավեր, հոգեկանի հետ կապված ցավեր, գլխացավեր, որ առաջանում են, օրինակ, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, եւ հետվնասվածքային գլխացավեր:

Առհասարակ կանայք ավելի շատ են տառապում գլխացավերով, քան տղամարդիկ: Եթե անհանգստացնում են շարունակական ու կրկնվող գլխացավերը, ապա պետք է անպայման դիմել բժշկի, որովհետեւ հնարավոր է, օրգանիզմում լինեն լուրջ փոփոխություններ:

Միգրեն

Միգրենը պուլսավորված գլխացավ է, որը հիմնականում առաջանում է արթնանալուց անմիջապես հետո: Քնած ժամանակ այն սովորաբար չի զգացվում: Միգրենից առաջացած ցավերը կարող են լինել չափավոր եւ ուժեղ: Այն միշտ զգացնել է տալիս գլխի մի կեսում: Միգրենը կարող է տեւել մինչեւ 72 ժամ` ուղեկցվելով սրտխառնոցով, փսխումով: Բժիշկները մինչ այժմ չեն պարզել, թե ինչը կարող է հանդիսանալ միգրենի առաջացման պատճառ: Միայն հայտնի է, որ մարդիկ, ովքեր տառապում են միգրենով, գլխուղեղի բնիկային հատվածում ունեն գերակտիվ մասեր: Կարծիք կա, որ հորմոնների փոփոխական մակարդակն ազդում է գլխուղեղի այդ մասի վրա, ու հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ կանանց մոտ միգրենն ավելի շատ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ` օրինակ, դաշտանային ցիկլերի, հղիության ժամանակ:

Հորմոնային տատանումները միգրենի միայն մեկ պատճառն է, բայց միգրենի պատճառ կարող են հանդիսանալ սթրեսները, քաղցը, անքնությունը, տարբեր հոտերը, վառ գույները, սննդային կոնսերվանտները, եղանակի փոփոխությունները եւ այլն: Միգրենի նկատմամբ հակումը, որպես կանոն, փոխանցվում է ժառանգաբար: Գոյություն ունեն նաեւ այլ տիպի գլխացավեր, որոնք առաջանում են ներգանգային բարձր ճնշման պատճառով: Այսպիսի ցավեր ավելի շատ լինում է աղջիկների եւ կանանց մոտ` նորմայից ավելի քաշի դեպքում: Գլխացավերի հետ մեկտեղ՝ հնարավոր է նաեւ տեսողության վատացում:

Քրոնիկական գլխացավեր

Այս տեսակի գլխացավով հաճախ տառապում են տղամարդիկ: Ցավը բնորոշվում է սուր նոպաներով, որը տարածվում է աչքերի շուրջը: Որպես կանոն` նոպաները միշտ հենց նույն ժամին են լինում, իսկ նման նոպաների ժամանակ չի կարելի ալկոհոլ օգտագործել:

Լարվածություն կոչվող գլխացավը

Այս տեսակի գլխացավը սովորաբար առաջանում է լարվածությունից: Գոյություն ունի էմոցիոնալ (սթրեսներ, հուզումներ) եւ մկանային լարվածություն/պարանոցի մկանների լարվածություն: Այս տիպի գլխացավով տառապող մարդիկ առաջին հերթին պետք է դիմեն նյարդաբանի:

Գլխացավեր կարող են լինել ուղեղի ցնցման հետեւանքով գլխի վնասվածքի արդյունքում: Այսպիսի գլխացավերը, որպես կանոն, հնարավոր է՝ շարունակվեն վնասվածքից հետո ամբողջ կյանքում եւ ուղեկցվեն տագնապով, գրգռվածությամբ, ուշադրության պակասով ու գլխապտույտներով: Հիվանդը սովորաբար անհանգստանում է իր այդ վիճակի հետզհետե վատթարացումից: Ուղեղի ցնցման հետեւանքով առաջացած գլխացավերին օգնում է հանգստարանային բուժումը:

Պարանոցային գլխացավ

Պարանոցային գլխացավը կարող է շատ սաստիկ լինել: Ցավը կարծես պարանոցից տեղափոխվում է ծոծրակ, այնտեղից էլ` դեպի քունքեր: Այսպիսի գլխացավը կարող է զուգորդվել սրտխառնոցով ու գլխապտույտով: Այսպիսի ցավերն առաջանում են պարանոցի կտրուկ շարժումներից, գերհոգնածությունից, մրսածությունից ու օստեոխոնդրոզից: Իսկ առհասարակ սպազմի արդյունքում առաջացած գլխացավն ավելի հեշտ է բուժել, քան միգրենը:

Մտավոր լարված աշխատանքի արդյունքում առաջացած գլխացավի ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել տաք ջրով լոգանք ու խմել դաղձով պատրաստված թեյ: Իսկ մրսածության արդյունքում առաջացած գլխացավի ժամանակ խորհուրդ է տրվում մենթոլի յուղով թեթեւ մերսել քունքերը, ականջների ետեւն ու ծոծրակը:

Ճակատին ու քունքերին կարելի է քսել կիտրոն: Շատ լավ օգնում է դարչինը: 1/8 թեյի գդալ դարչինը 1 ճաշի գդալ եռջրով լուծել ու 2 ժամ թրմելուց հետո խմել:

Միգրենի նոպաների ժամանակ լավ օգնում է ոչ ուժեղ մերսումը` երկու ձեռքով, ճակատից դեպի ծոծրակ:

Կամֆորայի ու անուշադրի սպիրտը հավասար քանակությամբ խառնել ու շնչել:

Ցավող կողմի ականջում դնել սոխի կամ բազուկի հյութի մեջ թրջած բամբակ:

1 թ. գդալ դաղձի վրա լցնել 1 բաժակ եռջուր ու տաքացնել ջրային գոլորշու վրա: Սառչելուց հետո քամել եւ խմել օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

Տարբեր ծագման գլխացավերի համար առաջարկվում է 1 ճաշի գդալ շամբուկի ծաղիկները լցնել 1 բաժակ ջրի մեջ ու թողնել 20 րոպե: Հետո այն խմել օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

1 ճաշի գդալ արեւքուրիկի խոտը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողնել 30 րոպե: Խմել օրը 1 անգամ, բաժակի 1/4 մասը:

Շատ լավ օգնում է գլխի համար նախատեսված մարզանքը:

1 ճաշի գդալ տատրակի թերթիկները լցնել 1 բաժակ եռջրի մեջ: Թողնել 30 րոպե: Հետո խմել օրը 4-6 անգամ՝ 1 ճաշի գդալից: