Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում-քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը՝ նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:
Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում՝ էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի «Արմեդ» համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:
Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:
Քննարկումները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել.
- անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը.
- հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները).
- հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:
2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային:
0Comments