Գործ չունենք Թրամփի սպասումների հետ, անելու ենք այն, ինչ բխում է Իրանի շահերից․ Արաղչի

Մանրամասներ
արաղչի

Թեհրանը գործ չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասումների հետ։ Իսլամական Հանրապետությունը կանի այն, ինչ իր շահերից է բխում։ Այս մասին իրանական Khabar-e Online գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում երկամսյա ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարքի կնքման համար:

«Մենք գործ չունենք Թրամփի սպասումների հետ։ Մենք գործ ունենք մեր շահերի հետ։ Արվելու է այն, ինչը բխում է մեր շահերից», - իրանցի նախարարի խոսքը մեջբերում է նրա պաշտոնական Telegram-ալիքը։

Մարտի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդին և կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ է դիտարկում՝ ռազմական և դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվություն է տալիս բանակցություններին։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահության ժամանակ` 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։