Թրամփը ծրագրում է չեղարկել շուրջ 240,000 ուկրաինացի ներգաղթյալների ժամանակավոր օրինական կարգավիճակը. Reuters

Մանրամասներ
ամն ուկրաինա դրոշ

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է չեղյալ համարել Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով հայրենիքից փախած շուրջ 240,000 ուկրաինացիների ժամանակավոր օրինական կարգավիճակը. այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային և խնդրին ծանոթ երեք աղբյուրին:

Ըստ գործակալության՝ եթե փախստականները զրկվեն ժամանակավոր օրինական կարգավիճակից, նրանք կարող են արագ արտաքսվել: Սպասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլին:

Ընդհանուր առմամբ, Թրամփի վարչակազմը ծրագրում է օրինական կարգավիճակից զրկել ավելի քան 1,8 միլիոն ներգաղթյալի, որոնց թույլ է տրվել մուտք գործել ԱՄՆ՝ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք մեկնարկած մարդասիրական ժամանակավոր ազատման ծրագրերի շրջանակում: Գործող վարչակազմը նախատեսում է չեղարկել ժամանակավոր օրինական կարգավիճակը 530,000 կուբացիների, հաիթցիների, նիկարագուացիների, վենեսուելացիների, 70,000  աֆղանստանցիների  համար, ասել պատմել են աղբյուրները:

Reuters-ն այս համատեքստում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայի քաղաքացի Լիանա Ավետիսյանի և նրա ընտանիքին դեպքին: Նշվում է, որ անցյալ ամիս Թրամփի վարչակազմը դադարեցրել է ներգաղթի հետ կապված դիմումների մշակումը Բայդենի մարդասիրական ժամանակավոր ազատման ծրագրերով ԱՄՆ մուտք գործած մարդկանց համար՝ անորոշության մեջ դնելով ուկրաինուհի Լիանա Ավետիսյանին, նրա ամուսնուն և 14-ամյա դստերը: Ավետիսյանը, որն աշխատում էր Ուկրաինայում անշարժ գույքի ոլորտում, այժմ պատուհաններ է հավաքում, իսկ ամուսինը շինարարությամբ է զբաղված։

Ընտանիքը փախել է Կիևից 2023 թվականի մայիսին՝ ի վերջո տուն գնելով Այովա նահանգի ԴեՎիտ փոքրիկ քաղաքում։ Նրանց երկրում գտնվելու և աշխատանքի թույլտվության ժամկետը լրանում է մայիսին։ Ամուսինները պատմել են, որ ծախսել են մոտ 4,000 ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ-ում մնալու ժամկետը երկարացնելու համար ծախսերի և «Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ» ծրագրին դիմելու համար:

«Մենք չգիտենք, թե ինչ անել», - պատմել է Ավետիսյանը: