Մոսկվան Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման հարցում փոխզիջման հնարավորություն չի տեսնում, նման քայլը կնշանակի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ ուղղակի պաշտոնական ներգրավվածություն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:
«Այդ քննարկումն անցկացվում է բացահայտ թշնամական նպատակով, նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց հարկավոր», – Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
ՌԴ նախարարի խոսքով՝ ռուսական կողմն «այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում կդիտարկի ճիշտ այնպես, ինչպես դիտարկել է ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունն Ուկրաինայում»։
«Մենք, միանշանակ, չենք հետևելու նման գործողություններին: Դա կնշանակի, ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, արդեն ոչ թե իբր հիբրիդային, այլ արդեն ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական, անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում: Դա թույլ տալ հնարավոր չէ», – հայտարարել է Լավրովը:
Նա նշել է, որ անկախ նրանից, թե ինչպիսի դրոշների՝ ազգային, թե Եվրամիության դրոշի ներքո առաջարկվի նման զորակազմեր տեղակայել, «միևնույն է, դրանք լինելու են ՆԱՏՕ-ի զորքեր»:
0Comments