Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը քնած է եղել, այլ ոչ թե հրաժարվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպումից։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց օմբուդսմենը։
Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ՄԻՊ–ը հացադուլի 4–րդ օրը որոշել էր այցելել Ազատության հրապարակում հացադուլ անող Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին և Վարդան Ավագյանին: Թանդիլյանը հրաժարվել է նրա հետ հանդիպել:
«Տարակուսած էի, որ մամուլում նման տեղեկություն տարածվեց, քանի որ ընդհանրապես նման իրավիճակ չի եղել, նույնիսկ նման քննարկում չի եղել։ Ինչպես ցանկացած այլ տեղ գնալիս մեր աշխատակազմը ճշտում է` հնարավոր է զրուցել անձանց հետ, մեզ տեղեկացրին, որ այդ պահին Մանե Թանդիլյանը քնած է, իսկ նա, ով մեզ ներկայացավ որպես բժիշկ, ասաց, որ հաղորդակցման համար նա շատ թույլ է։ Դրա համար մենք նույնիսկ փորձ չենք արել զրուցել Թանդիլյանի հետ»,– ընդգծեց Մանասյան։
ՄԻՊ–ը նշեց, որ Ազատության հրապարակում հացադուլ անողներին այցելելն իր գործառույթներից չէր բխում, այլ ուղղակի մարդկային դրսևորում էր։
«Մենք հացադուլի վարման հետ կապված գործառույթներ ունենք, եթե խոսքը վերաբերում է միայն փակ հաստատություններին»,– ընդգծեց նա։
Մանասյանն ավելացրեց, որ Թանդիլյանի մտերիմներից հետաքրքրվել է նրա թե՛ առողջական վիճակով, թ՛ե բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով։
«Փորձել ենք հասկանալ, թե մեր մասով ինչպիսի աջակցություն կարող ենք ունենալ»,– վստահեցրեց ՄԻՊ–ը։
Հիշեցնենք, որ մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
0Comments