Առաջարկում եմ թաքուն հանդիպումների թեման չշահարկել, հանկարծ ինքներդ ձեզ վրա դուրս չգաք․ Բագրատ Միկոյան

Մանրամասներ
Բագրատ Միկոյան

ՀՀԿ ներկայացուցիչները հարցադրումներով են հանդես գալիս, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, երբ վերջինս նախագահի թեկնածու էր։ Ինչպես նաև շեշտում են 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո և 2021 թվականի ընտրություններից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումների մասին և որոշ ենթադրություններ անում։

Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, թե Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումներում ինչե՞ր են քննարկվել և ինչո՞ւ են այդ հանդիպումները հանրությունից պահվել թաքուն։

Բագրատ Միկոյանը մեր հարցադրումներին պատասխանեց․ «Նախագահ Քոչարյանը նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ 2018 թվականին որևէ հանդիպում չի ունեցել։ Նրա հետ միակ հանդիպումը նախագահ Քոչարյանի պաշտոնաթողությունից՝ 2008 թվականից հետո, եղել է 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից հետո, «Ալեքսանդր» հյուրանոցում, Արմեն Սարգսյանի խնդրանքով։ Տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Մնացյալը սուտ է»։

Ինչ վերաբերում է «թաքուն հանդիպումներին», Բագրատ Միկոյանն այսպես արձագանքեց․ «Ընդհանուր առմամբ, առաջարկում եմ թաքուն հանդիպումների թեման չշահարկել, վտանգավոր է, եթե հանրությունից թաքցնելու բան ունեք․ հանկարծ ինքներդ ձեզ վրա դուրս չգաք»: