Գործը փակ է, հասկացել ենք միմյանց

ԵԱՀԿ նախագահը՝ Ադրբեջանում Սլովակիայի սպառազինության հայտնվելու մասին

Հայաստանն ու Սլովակիան հասկացել են իրար, գործը փակ է: Այս մասին Երևանում լրագրողներին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ փոխնախարար Միրոսլավ Լայչակը՝ խոսելով այն մասին, որ Սլովակիայի սպառազինությունը հայտնվում է Ադրբեջանում:

«Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ: Նախարարություններն ուսումնասիրություն իրականացրել են: Սլովակիայի կողմից որևէ սխալ չենք գտել: Իսրայելի ու Սլովակիայի միջև եղել են փաստաթղթեր, որտեղ գրված է, որ վերջնական ստացողն Իսրայելն է:

Մենք հարցը մի քանի անգամ քննարկել ենք, այդ թվում՝ նախարար Մնացականյանի հետ: Գործը փակ է, հասկացել ենք միմյանց»,-ասաց Մ. Լայչակը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Հայաստանը չի ողջունում սպառազինությունների մրցավազքը, մենք բավական զգայուն ենք նման հարցերի շուրջ:

Անդրադառնալով ՀՀ դիրքորոշմանը, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, Միրոսլավ Լայչակն ասաց. «Մենք ունենք մի ամբողջ գործընթաց, որն անցկացվում է ըստ ավանդույթների, հանգում է կոնկրետ արդյունքների:

ՀՀ կառավարությունը պետք է որոշի ձևաչափերը, բայց որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցային շարունակության վերաբերյալ գոյություն ունեցող ձևաչափում»: