ՌԴ-ի և Իրանի միջև նոր պայմանագիրը կխթանի գործընկերության բոլոր ուղղությունները. Պուտին

Մանրամասներ
պուտին փեզեշքիան

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագիրը լրացուցիչ կխթանի համագործակցության բոլոր ուղղությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վստահ եմ, որ դա կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Թեև, ընդհանուր առմամբ, առկա տեմպը, կարծում եմ, միանգամայն ընդունելի է», - ասել է Պուտինը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Կրեմլում տեղի է ունենում նրա և Պուտինի հանդիպումը։ Բարձր մակարդակի բանակցություններն ընթանում են նեղ կազմով, այնուհետև կշարունակվեն ընդլայնված ձևաչափով:

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումից հետո սպասվում է մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագրի ստորագրում: