Ռուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարի

Մանրամասներ
Կոպիրկին

Ռուսաստանն ակնկալում է ռեկորդային ապրանքաշրջանառություն ունենալ Հայաստանի հետ՝ տարեկան արդյունքներով 14-16 մլրդ դոլարի։ Այս մասին «Իզվեստիա» թերթի հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գերազանցել է 8,3 մլրդ դոլարը՝ անցած տարվա 7,4 մլրդ դոլարի փոխարեն։ Ակնկալում ենք պահպանել տեմպերը եւ դուրս գալ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի մակարդակի»,- նշել է նա։

Դեսպանն ընդգծել է, որ այճմ աշխատանք է վարվում Հայաստանում համատեղ տնտեսական նախագծերի գործարկման ուղղությամբ։ Նախատեսվում է, որ դրանք շոշափելի ներդրում կլինեն հանրապետության արդյունաբերությունում, կստեղծեն նոր աշխատատեղեր եւ կավելացնեն հարկային մուտքերը բյուջե։