Արդյո՞ք Աղազարյանը հայտարարելու է Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու մասին

Մանրամասներ
քպ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նախօրեին թելեգրամյան իր էջում գրել է․ «Ավարտենք օրը Հովիկ Աղազարյանով, որը հանրությանը ազդարարել է, որ մանդատի կամ ավելի շուտ վարչապետի «խնդրանքի» վերաբերյալ իր որոշումը կբարձրաձայնի նոյեմբերի 25-ի ժամը 18-ին:

Միանգամից հարց է առաջանում, ինչո՞ւ այդպես հանդիսավոր: Արդյո՞ք Աղազարյանը հայտարարելու է Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու մասին: Չի՞ վախենա: Եթե նա ընդամենը հայտարարելու է, որ անսալով «խնդրանքին», վայր է դնում մանդատը, ապա էլ ինչո՞ւ հաղորդել դրան ավելորդ «հանդիսավորություն», ազդարարել հատուկ օր ու ժամ, եթե հնարավոր էր անել շատ ավելի համեստ և զուսպ: Չէ՞ որ «հանդիսավորությունը» ենթադրում է նաև որոշակի այսպես ասած ոչ սովորականություն, ըստ այդմ՝ նաև որոշման առումով:

Դա նշանակո՞ւմ է, որ Հովիկ Աղազարյանը կայացրել է այլ որոշում, օրինակ՝ պահել մանդատը, բայց լքել ՔՊ-ն:

Սակայն, կրկնեմ՝ «չի՞ վախենում» մերժել վարչապետին, կհարցնեն շատերը:

Իսկ այստեղ տանք մեկ այլ հարց: Իսկ բացառո՞ւմ ենք տարբերակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարող է և ուզել, որ Հովիկ Աղազարյանը դիմադրի իրեն, մերժի, այսպես ասած՝ չենթարկվի, դառնա «ապստամբ»:

Իհարկե, այսօր եւ վաղուց բացառված չէ ոչինչ, սակայն տվյալ պարագայում կոնկրետ հանգամանքը չբացառելու համար պետք է փորձենք գտնել հարցի պատասխան, մոտիվ, թե ինչո՞ւ Փաշինյանը պետք է ուզենա արժանանալ Աղազարյանի մերժմանը: Չէ՞ որ դա կարող է դառնալ նախադեպ՝ «մերժիր Նիկոլին»:

Գործնականում՝ չի կարող դառնալ: Որովհետև, այդ իմաստով «մերժումները» պայմանավորվում են շատ այլ գործոններով: Աղազարյանի քայլը կարող է պարզապես Փաշինյանի համար կարող է դառնալ «մերժիր թիմին» տրամաբանության եւս մի դրսեւորում: Ինչպես արտահայտվել եմ հարցազրույցից հետո, դրանում միակ նոր երանգը և մեսիջը ըստ իս եղել է այն, որ Փաշինյանը պատրաստվում է շատ բան գցել արդեն նաև թիմի գրպանը: Այնպես չէ, որ «նախկինների» կամ «Ռուսաստանի» գրպաններում ընդհանրապես տեղ չկա, բայց գցելու բանը շատ է, իսկ այդ գրպաններում տեղ մնացել է քիչ, այն դեպքում, երբ թիմի գրպանը գրեթե ամբողջությամբ դատարկ է, դատարկ՝ այդ, ոչ ֆինանսական առումով իհարկե:

Սակայն, դրա հետ ինչ կապ ունի՝ Աղազարյանը կդնի՞ մանդատը, թե՞ ոչ: Իմ դիտարկմամբ, դա նշանակություն ունի նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հիանալի ճանաչում է ոչ միայն հանրությանը, այլ նաև՝ իր այսպես ասած թիմին: Նա հիանալի պատկերացնում է, որ Աղազարյանի չենթարկվելը կստեղծի ոչ թե նախադեպ, այլ՝ նախադրյալ:: Նախադրյալ իր համար՝ Աղազարյանի «չենթարկվելու» օրինակը դարձնել ներիշխանական մամլիչն ուժեղացնելու լեգիտիմ հիմք՝ «նախադեպ» թույլ չտալու հիմնավորմամբ: Եթե մեկի «գրպանը» պատրաստվում ես գցել որեւէ պատասխանատվություն՝ երբ կլինի դրա կարիքը, ապա դրանից առաջ պետք է լուծես դիմադրելու և հակադարձելու ռիսկը առավելագույնս չեզոքացնելու հարցը:

Փաշինյանի համար, որն արտաքին իրապես բարդ մարտահրավերների առաջ է, վերը նշածս հարցը լուրջ խնդիր է: Իսկ լուրջ խնդիրները հաճախ առաջ են մղվում այնպիսի ֆիգուրներով, որոնք շրջապատում որպես կանոն այդքան էլ լուրջ չեն ընկալվում:

Սակայն, տվյալ պարագայում հարցն այն է, թե արդյո՞ք Հովիկ Աղազարյանը կունենա ներքին այնքան լրջություն, որ պատկերացնի Փաշինյանի «խնդրանքը» մերժելու իր «պատմական անհրաժեշտությունը»»։

 Հակոբ Բադալյան