Ուրբաթ օրը Իրանը բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության հետ, որպեսզի վերսկսի 2015 թվականին կասեցված միջուկային համաձայնագիրը երկրի և վեց խոշոր տերությունների, այդ թվում՝ երեք եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ բանակցությունները, որոնք, ըստ աղբյուրների, պետք է տեղի ունենան Ժնևում, համընկնելու են հունվարին Սպիտակ տուն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձի հետ։
Թրամփը համաձայնագրից դուրս է եկել իր առաջին նախագահության ժամանակ՝ 2018թ-ին։
Ընդգծվում է, որ Իրանի, եվրոպական երեք երկրների և որպես միջնորդ հանդես եկող ԵՄ-ի միջև ծրագրված բանակցությունները կլինեն Իրանի առաջին միջուկային բանակցություններն այն բանից հետո, երբ հուլիսի վերջին նախագահ դարձավ Մասուդ Փեզեշկիանը՝ փոխարինելով Էբրահիմ Ռաիսիին, որը մայիսին զոհվել էր ուղղաթիռի կործանման պատճառով։
Ակնկալվում է, որ բանակցություններում կքննարկվեն Իրանի միջուկային ծրագիրը և իրանական ավիաընկերությունների և նավագնացային ընկերությունների դեմ եվրոպական պատժամիջոցների հարցը, ասել են աղբյուրները: Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին, որը Իրանի միջուկային բանակցությունների վետերանն է, կգլխավորի Ժնև մեկնող երկրի պատվիրակությունը։
0Comments