Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև՝ կարգադրելով Իրանին անհապաղ բարելավել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Փաստաթղթով նաև ԱԷՄԳ-ին խնդրում են Իրանի վերաբերյալ «համապարփակ և թարմացված զեկույց պատրաստել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր առկայության կամ օգտագործման վերաբերյալ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ առնչվող անցյալ և ներկա չլուծված խնդիրների հետ, այդ թվում՝ այս հարցերի շուրջ ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցության ամբողջական հաշվետվությունը»:
Զեկույցը պետք է ներկայացվի մինչև 2025 թ. գարուն։ Դրա նպատակն է ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ ուղղված նրա միջուկային գործունեության նոր սահմանափակումներին։
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն, որոնք առաջարկել են բանաձևը, անբավարար և ոչ անկեղծ են համարել Իրանի կողմից վերջին պահին ձեռնարկված քայլը՝ սահմանափակել հարստացված ուրանի իր պաշարները։ Դիվանագետները հայտարարել են, որ Իրանի քայլն ուղղված է բանաձևը չեղարկելուն։
Բանաձևն ընդունվել է 19 «կողմ» ձայնով, 3 երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանը և Բուրկինա Ֆասոն, դեմ են քվեարկել, ևս 12-ը ձեռնպահ է մնացել:
Անցյալ շաբաթ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին այցելել էր Իրան՝ հույս ունենալով երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին համոզել բարելավել գործակալության հետ համագործակցությունը։
0Comments