Իրանը եւ ԱՄՆ-ը ձգտում են շուտափույթ խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Այս մասին մարտի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» ղեկավար Պույա Հոսեյնին։
Նրա խոսքով՝ ողջ մեծ տարածաշրջանը լարվածություն է ապրում, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը նոր քաղաքականություն է վարում Մերձավոր Արեւելքում, որտեղ կարող է սկսվել առճակատում Իրանի եւ Իսրայելի կամ ԱՄՆ-ի միջեւ, ինչը ռիսկ է ստեղծում, որ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից։ Այս առնչությամբ Իրանը ցանկանում է խաղաղության հասնել Հարավային Կովկասում եւ իրեն ապահովագրել այս տարածաշրջանում նոր ճակատի բացումից։
Նա ավելացրել է, որ այս առումով Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմամբ, որպեսզի Թեհրանն իրեն ապահովի այդ ուղղությամբ։ Փորձագետն այս օրակարգի հաստատում է անվանել Իրանի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան։ Նա կրկնել է Թեհրանի «կարմիր գծերը», որոնք վերաբերում են տարածաշրջանի երկրների սահմանների անձեռնմխելիությանը եւ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանմանը։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը մինչեւ վերջ կփորձի հիմք ստեղծել Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ իր համար էլ ավելին ստանալու նպատակով, նշել է Հոսեյնին։
Նա ենթադրել է, որ Միացյալ Նահանգները նույնպես կձգտի լուծել բոլոր տարածաշրջանային հակամարտությունները, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ իր հիմնական մրցակից Չինաստանին դիմակայելու վրա, ուստի Վաշինգտոնին Հարավային Կովկասում թեժացում պետք չէ։
Նրա կարծիքով՝ Թուրքիայի ներքաղաքական գործընթացները հուշում են, որ Բաքուն նույնպես պետք է շահագրգռված լինի խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ, քանի որ եթե իր դաշնակցի հետ լուրջ ներքին խնդիրներ առաջանան, նա կկորցնի այն, ինչը կհանգեցնի Ադրբեջանի դիրքերի թուլացման Հարավային Կովկասում։
«Անհրաժեշտ է օգտվել իրավիճակից եւ ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի նա շտապ ստորագրի խաղաղության համաձայնագիրը եւ սահմանվի արդարացի խաղաղություն»,- ամփոփել է փորձագետը։
0Comments