ԱՄՆ-ում ծրագրում են ֆիլմ նկարահանել հայտնի թենիսիստ քույրերի՝ Սերենա եւ Վինուս Ուիլյամսների հոր՝ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի աներոջ՝ Ռիչարդ Ուիլյամսի մասին։ Ֆիլմը ստացել է «Թագավոր Ռիչարդ» անվանումը։ Գլխավոր հերոսին կմարմնավորի 50-ամյա Ուիլ Սմիթը։
Ֆիլմում, որի սցենարի վրա աշխատել է Զակ Բեյլինը, Ուիլ Սմիթը կխաղա պրոֆեսիոնալ թենիսիստուհիների հոր կերպարը, ով նրանց համար ոչ միայն հայր, այլեւ մարզիչ է եղել։ «Սեւ հագուստով տղամարդիկ» ֆիլմի աստղը նաեւ պրոդյուսերներից մեկն է, հայտնում է Variety-ն։
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են 1980-ականների իրադարաձությունները։ Հենց այդ ժամանակ Ռիչարդ Ուիլյամսը մարզվում էր «Հին վիսկի» կեղծանվամբ մարզչի հետ, իսկ ավելի ուշ տեսավ Վիրջինիա Ռուզիչի խաղը, ով հաղթեց 1980թ.-ի մրցախաղում։ Այդ պահին նա որոշում է կայացրել դուստրերին՝ Սերենային եւ Վինուսին չեմպիոններ դարձնել։
Դեռեւս չի հաղորդվում՝ երբ տեղի կունենա ֆիլմի պրեմիերան եւ ովքեր կմարմնավորեն ֆիլմի մյուս հերոսներին։
0Comments