ՌԴ ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հանձնաժողովի աշխատանքը կանգ էր առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ երբեմն հարցեր առաջացնող դիրքորոշման հետևանքով», – հայտարարել է նա։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս գտնվում է «սառեցված» վիճակում։
Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Երևանը մտադիր չէ վերադառնալ փոխվարչապետների մակարդակով ՀՀ-Ադրբեջան-ՌԴ աշխատանքային խմբի ձևաչափին։
«Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված աշխատանքները վստահվել են համակարգող փոխվարչապետերին: Հայաստանում այս հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական գործիչը (Ալեն Սիմոնյանը), այլ մեկ ուրիշը: Անգամ չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ անձի կոնկրետ հայտարարությունը, հենց այն պատճառով, որ մենք ելնում ենք նրանից, որ դա նրա իրավասության մեջ չի մտնում»,- լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան։
0Comments