Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար

Մանրամասներ
իրան

Եթե ​​Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունի Իրանի դեմ, մենք կպատասխանենք նոր գործողություններով, որոնք նրանց հաստատ դուր չեն գա։ «IRNA»–ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք շարունակում ենք հետևել մեր քաղաքականությանն ու սկզբունքներին և հաշվի առնելով մեր շահերը` ձևակերպում ենք մեր նպատակներն ու իդեալները», -  շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ի երեկոյան, ասել է Իրանի ԱԳ նախարարը:

«Մեր վարքագիծը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ կորոշվի նրանց քաղաքականությամբ։ Մեզ համար կարեւոր է, թե գործնականում ինչ միջոցներ են նրանք կիրառելու»,- հավելել է նա։

Նախարարի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական կազմակերպություն է և պետք է կատարի իր տեխնիկական խնդիրները։

«Այն իրավունք չունի միջամտելու քաղաքական դաշտին»,- ասել է Արաղչին՝ մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ վերջերս Թեհրան կատարած այցը։

«Քանի դեռ գործակալությունը կատարում է իր մասնագիտական ​​պարտականությունները, մենք կշարունակենք համագործակցությունը»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։

Ի պատասխան միջուկային բանակցությունների վերսկսման հավանականության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, եթե մյուս կողմը իրական մտադրություն ցուցաբերի։ «Մենք լիովին պատրաստ ենք բանակցությունների։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտության պատուհանը բաց է՝ հակառակ կողմի իրական կամքի առկայության դեպքում։ Եթե ​​նման կամք չլինի, բնական է, որ մենք նույնպես այլ ճանապարհ ենք ընտրելու»,- եզրափակել է նա։