Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի և վավերացման ենթակա է՝ առանց Սահմանադրական դատարանով անցնելու գնա վավերացման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգին:
«Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ընդգծեց նա:
Հարցին՝ Կիրանցի սահմանազատումն ապօրինի՞ է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանն արձագանքեց. «Այս պահին որևէ գնահատական չեմ տա, ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք կասենք մեր գնահատականը»:
Վերջինս հավելեց, որ մի քանի րոպեից սկսելու է դատաքննությունը, իրենք կգնան խորհրդակցությունների սենյակ, և որոշ ժամանակ անց արդեն որոշումը կհրապարակվի: «Եթե խնդիր տեսանք, մի՛ կասկածեք, որոշումը կհրապարկվի, եթե խնդիր չտեսանք, ասելու ենք՝ խնդիր չկա: Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՝ ոչ»,- նշեց ՍԴ նախագահը:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ կատարվողին, Դիլանյանն ասաց, որ որպես անձ, ուշադիր հետևում է իրադարձություններին, բայց որևէ կերպ չի միջամտում քրեական գործի քննությանը, ապա հավելեց, որ, որպես դատարանի դատավոր և նախագահ, երբ կգա իրենց ասելու ժամանակը, անպայման կասեն տեսակետ:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
0Comments