Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը

Մանրամասներ
քպ

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Հայտնում են ՀՀ ՆԳն մամուլի ծառայությունից:

Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։

Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։

Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել են շուրջ 150 տուժած տնտեսվարողների տվյալներ։

Ընդգծվել է, որ ամփոփ տվյալները փաստացի տուժած տնտեսվարողների տվյալներն են, իսկ աջակցություն տրամադրելու հարցը պետք է որոշի Էկոնոմիկայի նախարարությունը՝ ստուգելով աջակցության տրամադրման համար Կառավարության կողմից սահմանված՝ տնտեսվարողներին ներկայացվող պահանջները։

Հանձնաժողովն արձանագրել է, որ հաստատված տվյալները կտրամադրի Էկոնոմիկայի նախարարությանը, որն էլ տնտեսվարողների դիմումների հիման վրա կորոշի շահառու տնտեսվարողների աջակցության տրամադրման հետագա գործընթացը՝ պահպանելով Կառավարության կողմից սահմանված չափանիշները։