ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, մեկնաբանելով կազմակերպության բյուջեում Հայաստանի ներդրման հետ կապված իրավիճակը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չնայած Երևանի՝ այս տարի չվճարելու որոշմանը, 2025 թվականի ներդրման չափը կհաշվարկվի և կներկայացվի Հայաստանին։
Պատասխանելով այն հարցին, թե հայտնի է արդյոք Հայաստանի 2025 թվականի բյուջե վճարումների պլանների մասին, Վասիլևը նշել է, որ «սա արդեն քաղաքական որոշում է»։
«Կդիտարկվի 2025 թվականի բյուջեի նախագիծը և համապատասխանաբար կհաշվարկվի այդ գումարի տասը տոկոսը»,- ընդգծել է Վասիլևը։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ վճարվելու է այն, թե ոչ, դա «երկրի ղեկավարության քաղաքական կամքն է»։
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը, ընդհանուր առմամբ, խոսելով բյուջեի խնդրի մասին, նշել է, որ այն, ինչ վերաբերում է «առաջիկա ժամանակաշրջանին՝ 2025 թվականին, հետագա քննարկման առարկա է»։
Նա նաև ասել է, որ «կազմակերպության բյուջեն բաշխված է բոլոր անդամ երկրների միջև սահմանված համամասնությամբ»։ «Այսինքն՝ մուծումների 50%-ը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%-ը բաշխվում է մյուս հինգ անդամ երկրների միջև, համապատասխանաբար, յուրաքանչյուրը (բացի Ռուսաստանից) վճարում է բյուջեի 10%-ը՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունը»,- բացատրել է Վասիլևը։
0Comments