Երեւանում երկրորդային շուկայի բնակարանների արժեքների նվազում են նկատում մասնագետները։ NEWS.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանն ասում է, որ խոսքը մոտ 15 տոկոս գնանկման մասին է։
Մասնագետը գնանկումը կապվում է օտարերկրացիների՝ Հայաստանից արտահոսքի, սոցիալ-տնտեսական իրադրության հետ։
«Անշարժ գույք ձեռք բերելու օտարերկրյա քաղաքացիների հոսքը նույնպես նվազել է։ Այդ է պատճառը, որ տոկոսը նվազել է։ Մեր տեղի գնորդների քանակը պահպանվել է։ Այն ժամանակ ունեինք «իքս» քանակի գնորդներ եւ մշտապես վաճառք կար։ Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, երբ օտարերկրացիների հոսք մտավ Հայաստան, նրանք սկսեցին բնակարան գնելը, այսինքն՝ գնորդների քանակը շատացավ, պայմանագրերի քանակն էլ շատացավ։ Այժմ այդ մարդիկ էլ չեն գալիս, գնորդներ չկան, եւ ավտոմատ գներն էլ անկում են ապրում»։
Վահե Դանիելյանն ասում է՝ բնակարանների վարձակալության շուկան նույնպես պասիվացել է․ «Հիմա մինչեւ ռուսների՝ Հայաստան գալու գներին ենք մոտեցել»։
Անշարժ գույքի գործակալության տնօրենը նշում է՝ մայրաքաղաքում Կենտրոնի ամենաթանկ հատվածն այժմ Արամի փողոցն ու Հյուսիսային պողոտան են, այնտեղ մեկ քառակուսի մետրի գինը սկսվում է 2 միլիոն դրամից, դրանց հաջորդում են Արաբկիրը, Դավթաշենը, Քանաքեռ-Զեյթունը, իսկ ծայրամասերում բնակարանների գները 300-ից 400 հազար դրամից են սկսում․ «Բնակարանը թանկանում է, եթե այն այգու տեսարան է ունենում, կամ կան շենքերի որակական հատկանիշներ, որ օրինակ՝ կան կառուցապատողներ, որոնք հետեւում են բոլոր կանոններին, եւ կան կառուցապատողներ, որ չեն հետեւում։ Դա նույնպես կարեւոր է գնի տեսանկյունից»։
Վահե Դանիելյանն ասում է՝ շատացել է նաեւ մայրաքաղաքի հարակից հատվածներում, օրինակ՝ Եղվարդում կամ Աբովյան քաղաքում, տուն ձեռք բերելու ցանկությունը։
Չնայած երկրորդային շուկայի գնանկմանը, այնուամենայնիվ առաջնային շուկայում բնակարանների գները չեն նվազում։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշում է, որ երկրորդային շուկայում բնակարանների գների նվազումը պայմանավորված է երկրում անվտանգային ռիսկերով, ինչպես նաեւ քաղաքացիների՝ սոցիալական վիճակով․
«Բնակարանների թերվաճառքի «մեղավորները» բանկային համակարգն է, քանի որ վերջին ամիսներին դադարեցրել են երկրորդյաին շուկայի վարկավորումը։ Օրինակ՝ եթե մարդը գնում է բնակարանի համար վարկ վերցնելու, բանկերը պատրաստ են առաջնային շուկայի համար վարկ տրամադրել, բայց 20-30 տարվա բնակարանների համար վարկ չեն տրամադրում՝ համարելով դա ռիսկային»։
Տնտեսագետը կանխատեսում է, որ այս տարի էական նվազում է սպասվում երկրորդային շուկայի բնակարանների դեպքում, իսկ առաջնային շուկայում գները կնվազեն նաեւ 2025-ին։
0Comments