Ցանկացած կառավարության եւ նրա ղեկավարի ամենօրյա աշխատանքի թեման է՝ ինչպես ապահովել երկրի անվտանգությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ժամանակներում այս հարցը գործնականում հրատապ է շատ երկրների համար: Այս հարցի առաջին առաջին պատասխանն է բարեփոխել, ուժեղացնել բանակը, ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները: Երկրորդ գործիքը անվտանգության ապահովման արտաքին հարաբերություններն են: Այս երկու արձանագրման մեջ մեծ նորություն չկա:
Կարեւոր եմ համարում, որ լեգիտիմության հարցը ավելանա այս զույգին, որովհետեւ եւ արտաքին հարաբերություններում, եւ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարեւոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Լեգիտիմ առաջին հերթին միջազգային ընկալման տեսակետից, աշխարհի համար հասկանալի: Եթե մեր ներքին ընկալման եւ արտաքին ընկալման մեջ դիսոնանս կա, դրա մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը: Այդ սպառնալիքը հասկանալու համար այդ ճեղքը պետք է փակել, որպեսզի խզում չառաջանա այս երկուսի մեջ, եւ այդտեղ չառաջանա այն նեգատիվ էներգիան, որը բերում է անվտանգային սպառնալիքի եւ դրա իրագործման:
Ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ. «Եթե դու ուժեղ եւ մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ ոք քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակը ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում, որի լեգիտիմությունը արտաքին միջավայրի առումով կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են խնդիրներ: Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունն է:
Իսկ եթե մենք ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ հարց է ծագում. Իսկ ինչու պետք է ուրիշները թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի: Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակը ուժեղանա»:
Դիտարկմանը, որ հիմա Հայաստանն այդպիսի ուղերձներ չ հղում աշխարհին, Փաշինյանն արձագանքեց. «ս ասում եմ, որ մենք չպետք է աշխարհին հղենք այդպիսի ուղերձներ, բայց գիտեք ինչ, ես չեմ ուզում, որ այս խոսակցությունը լինի մեր ու աշխարհի միջև: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր միջև, որովհետև ես հիմա աշխարհի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Ձեզ հետ և Ձեր միջոցով՝ Հանրային ռադիոյի լսարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Սա շատ կարևոր նրբություն է, իմիջիայլոց, ես նաև լեգիտիմության առումով մի շատ կարևոր նրբություն ընդգծեմ:
Մենք ներքին և արտաքին աշխարհի կամ ներքին և արտաքին խոսակցության խոսույթները նույնպես պետք է նույնականացնենք, որովհետև այստեղ նույնպես ճեղք առաջանալու դեպքում այդ ճեղքի մեջ առաջանում է, գեներացվում է էներգիա, որը խնդիր է առաջացնում մեր արտաքին անվտանգության համար: Եվ, հետևաբար, Ձեր առաջին հարցին պատասխանելով՝ ես ասացի ինչ նկատի ունեմ լեգիտիմություն ասելով: Ես նկատի ունեմ լեգիտիմություն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը և զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը:
Եվ հաջորդ արձանագրումն այն է, որ սա պետք է լինի անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացման հիմքը: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ամեն ինչ՝ բոլոր քաղաքականությունները, բոլոր խոսույթները մենք պետք է համապատասխանեցնենք այս ռազմավարությանը, որպեսզի այս հռչակված ռազմավարության և իրականությունների արանքում նույնպես ճեղք չառաջանա, որովհետև ճեղքերն այն տեղերն են, որտեղ մեզ համար աննկատ գեներացվում է այն էներգիան, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:
0Comments