Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից զանգվածային հրթիռակոծության մասին․ կան զոհեր

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ վաղ առավոտյան ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը, որի հետևանքով տարբեր քաղաքներում կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից։

Ուկրաինայի ամբողջ տարածքում հունվարի 23-ի առավոտյան օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Գնդակոծության են ենթարկվել Կիևը, Խարկովը և Պավլոգրադը։

Խարկովում զոհվել է 4 մարդ, 11 մարդ՝ վիրավորվել։ Փլուզվել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկը։ Հաղորդվում է, որ քաղաքը գնդակոծվել է ինչպես գիշերը, այնպես էլ առավոտյան։

Կիևում 18 մարդ է վիրավորվել, հրդեհվել է բազմաբնակարան շենքի մեկ բնակարան, վնասվել են պատշգամբներ, այրվել մեքենաներ։ Իսկ Պավլոգրադում հրթիռակոծության հետևանքով 1 մարդ զոհվել։

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Ռուսաստանի կողմից արձակված հրթիռների կեսը։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ երկրի տարածքի վրա է արձակվել թևավոր, բալիստիկ, ավիացիոն և զենիթային կառավարվող 41 հրթիռ։

Ռուսաստանն այս հարվածների մասին տեղեկություններն առայժմ չի մեկնաբանել։