Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի տեղակալ Քեթլին Հիքսը Օսթինի հոսպիտալում եղած ժամանակ, առանց ԱՄՆ նախագահի գիտության, պաշտպանական գերատեսչությունը չորս օր ղեկավարել է Պուերտո Ռիկոյի լողափից, գրել է The Wall Street Journal-ը (WSJ)։
Պարբերականի հրապարակման համաձայն՝ Պենտագոնի ղեկավարի տեղակալը սկսել է որոշ օպերատիվ եւ կառավարչական որոշումներ կայացնել Օսթինի փոխարեն։
Ինչպես գրել է WSJ-ն, Հիքսը չի իմացել, որ իր ղեկավարը հոսպիտալում է։ Նշվել է, որ կատարվածի մասին իմացել է միայն Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Չառլզ Բրաունը, իսկ Բայդենը այդ մասին տեղեկացվել է միայն մի քանի օր անց։
Պարբերականի հեղինակների կարծիքով՝ միջադեպն արտացոլում է ավելորդ գաղտնիությունը, որը Օսթինի քաղաքականության առանձնահատուկ գիծն է։ Նշվել է, որ դա հարցականի տակ է դնում նրա ավելի վաղ կայացրած որոշումների իրավաչափությունը։
Մինչ այդ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փատրիկ Ռայդերը հայտնել էր, որ Օսթինը հիվանդանոցում է եւ լավ վիճակում է, բայց դուրսգրման օրը դեռ հայտնի չէ։
Պենտագոնի ղեկավարի մոտ դեռեւս դեկտեմբերին ախտորոշվել է շագանակագեղձի վաղ փուլի քաղցկեղ։ Նա վիրահատվել է, որը բարդություններ է ունեցել. հունվարի սկզբին նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ միզուղիների վարակով։
0Comments