Կարևոր պաշտոնների համար իշխանությունը թեկնածուներ է փնտրում. «Ժողովուրդ»

Մանրամասներ
նիկոլ աժ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ:

Իշխանության վերնախավը փնտրտուքի մեջ է, պետք է կարողանան գտնել մեկին, որը կկարողանա համակարգում առկա խայտառակ իրավիճակը կարգի բերել: Իրավիճակը բարդ է նաեւ քրեակատարողական ծառայության պետ գտնելու հարցում: Բանն այն է, որ դեռեւս օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատեցին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ու մինչ օրս չեն կարողանում գտնել մեկին, որը կկարողանա բանտերում առկա վիճակը կարգավորել։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում չկան մարդիկ, որ այս կարեւորագույն պաշտոններում նշանակումներ կատարվեն, կամ ոչ ոք այլեւս ցանկություն չունի աշխատելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետական մարմիններում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: