Առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա քայլերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվի առնելով Կառավարության կողմից հավանության արժանացած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով հաստատված միջոցառումները, նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն իրականացնել փուլային: Նախարարի խոսքով` այն ենթադրում է աստիճանական անցում առողջապահության ֆինանսավորման նոր և առաջադեմ մոդելի, որը կհավասարակշռի պետական բյուջեի և ապահովագրավճար վճարողների ֆինանսական հնարավորությունները բնակչության կողմից իրականացվող առողջապահական ծախսերի հետ՝ զգալիորեն բարձրացնելով ապահովագրվածների ֆինանսական պաշտպանվածությունն առողջապահական ծառայություններ ստանալիս, կնվազեցնի առողջապահական ծախսեր կատարելու պատճառով շատ ժամանակ իրենց միջոցները կամ խնայողությունները կորցրած անձանց թիվը։ Ակնկալվում է, որ ապահովագրության ներդրմամբ կլուծվի նաև բժշկական ծառայությունների իրական ծախսերի վրա հիմնված հատուցումներ ապահովելու, քրոնիկ հիվանդների դեղորայքի ապահովման, բժշկական ծառայությունների որակի ստանդարտների ապահովման հարցերը։

Համակարգի ներդրման փուլը նախատեսվում է սկսել օրենքի և ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո: Պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը կիրականացնի նոր ստեղծվելիք հիմնադրամի կողմից:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել առաջին և հետագա փուլերում համակարգում ընդգրկվող շահառուների ցանկին, համակարգի ներդրման հնարավոր ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, մակրոտնտեսական ազդեցությանը: Մտքերի փոխանակության շրջանակում ներկայացվել է մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի ոչ միայն բնակչության առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլ նաև նոր ազդակ կհաղորդի առողջապահության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը` հաշվի առնելով նաև համակարգի ներդրումից հետո բժշկական կենտրոններ առողջապահական հոսքերի հնարավոր ավելացումն ու այլ գործոններ: Վարչապետի խոսքով` առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ: «Իմ կարծիքով` այս բարեփոխումն անխուսափելիորեն բերելու է մեր առողջապահական համակարգի զարգացմանը և մրցունակության մեծացմանը, և առողջապահական տուրիզմի ներհոսքի այն միտումները, որոնք նկատվում են, կշարունակվեն: Պետք է լրացուցիչ խթանենք առողջապահական տուրիզմը, որովհետև իմ կարծիքով, սա կարող է օգուտներ բերել առնվազն ֆիսկալ հատվածով, այդտեղ կարող ենք ունենալ բյուջեի լրացուցիչ եկամուտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովման, մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման, ինչպես նաև համակարգում կանխիկի շրջանառության վերացման անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները, սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն: