Ապօրինի անցակետում իբր ապօրինի բեռ գտնելու պատրվակով Բաքուն կրկին փակել է Կարմիր խաչի մուտքը ԼՂ

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Ապրօրինի տեղադրված անցակետում իբր ապօրինի բեռ հայտնաբերելու պատրվակով ադրբեջանցիները կրկին արգելափակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Հայաստանից ԼՂ վերադարձող բուժառուների, դեղորայքի` առանց այն էլ սահմանափակ քանակի տեղափոխումը: Ծխախոտ, բջջային հեռախոսների էկրաններ, բենզին. խոսքն այսպիսի «ապօրինի» բեռի մասին է:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Ընդամենը վարչարարությամբ կարելի է լուծել հարցը, քանի որ մենք չենք խոսում թմրադեղերի շրջանառության, զենքի տեղափոխման մասին, որ հանցագործության տարրեր են, մենք խոսում ենք բենզինի մասին. այո, գուցե խախտել են պայմանագրային պարտավորությունները, բայց դա վարչարարությամբ պետք է լուծել:

Ադրբեջանը, սակայն, քրեական գործ է հարուցել, մինչև քննության ավարտն էլ որոշել է ամբողջությամբ փակել ճանապարհը:

Արա Ղազարյան - Խախտել է Ժնևի կոնվենցիաների 3-րդ հոդվածը և միջազգային նորմերից 56-րդ նորմը, որը նշում է` անհարկի չպետք է խոչընդոտել Կարմիր խաչի մեքենաների ընթացքը: Եթե նույնիսկ ընդունենք, որ եղել է մաքսանենգության դեպք, և պետք է հետաքննություն, դա չի նշանակում, որ ճանապարհը պետք է փակվի, դա համաչափության իրավունքի խախտում է,

Ի դեպ, ըստ Ադրբեջանի սահմանապահ ծառայության հաղորդագրության` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով այսպես կոչված «մաքսանենգության» փորձերն արվել են հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին: Հաջորդ օրերին Կարմիր Խաչի մեքենաները ըստ անհրաժեշտության գնացել-եկել են՝ առանց որևէ միջադեպի, և միայն այսօր է Ադրբեջանը որոշել փակել ճանապարհը, տարածել տեսանյութ: Կարմիր խաչից արձագանքում են՝ դեպքի մասին իմանալուն պես վարորդների հետ պայմանագրերը խզել են:

Զառա Ամատունի (Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Ցավում ենք, որ առանց մեր իմացության` վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ։

ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել, պնդում է Ամատունին, հավելում՝ փոխադրվող ամբողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը պատրանքային լեգիտիմություն է փորձում ստեղծել իր ապօրինություններին: Արա Ղազարյանի դիտարկումն է հարցին, թե ինչու դեպքից 6 օր հետո որոշվեց փակվել Լաչինը նաև հումանիտար փոխադրումների համար:

Արա Ղազարյան - Ադրեջանին պետք է որոշակի ժամանակով կտրուկ դադարեցնել տեղաշարժը որի համար պետք է թվացյալ լեգիտիմ հիմք, որ դիմագրավի Հաագայի դատարանի վերջին որոշմանը, և հարցը տանում է այս ուղղությամբ: Իրականում Ադրբեջանն է կատարում միջազգային հանցագործություն, դա բլոկադան է, որն օգտագործում է որպես պատերազմի գործիք և էթնիկ զտման միջոց:

7 ամիս շրջափակված Լեռնային Ղարաբաղ արդեն 1 ամիս է` անգամ հումանիտար բեռներ չեն մտնում, միայն սահմանափակ քանակության դեղեր: Ամիսներ շարունակ նաև էլեկտրականության ու գազի մատակարարումն է դադարեցված կամ ձևական մի քանի ժամ միացմամբ: Իրենց որակմամբ «մաքսանենգության» դեպքը եթե չլիներ, Արա Ղազարյանը վստահ է՝ Լաչինը լիովին փակելու մեկ այլ պատրվակ կգտնեին, ինչպես դա արեցին հունիսի 15-ից հետո, երբ իրենք իսկ լարում հրահրեցին՝ Հայաստանի տարածքում արբեջանական դրոշ տեղադրելու փորձով: Տեղաշարժն այդ ժամանակ արգելվեց անգամ ռուս խաղաղապահների համար, միայն 10 օր անց թույլատրվեց Կարմիր խաչի մեքենաների մուտք ԼՂ, բայց քաղաքացիների համար Հայաստանի հետ միակ դարպասը շարունակում է փակ մնալ:

Ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու, էթնիկ զտումները կանխելու համար. Լաչինի միջանցքով տեղաշարժն ամբողջությամբ արգելափակելու Ադրբեջանի քայլին Հայաստանի արտգործնախարարությունից են արձագանքել։

Անի Բադալյան (ԱԳՆ խոսնակ) - Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը, հակառակ Միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումը:

Այս դեպքը նաև հակասում է ադրբեջանական պնդումներին, թե իբր Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ չկա: Այդ դեպքում ինչու կլիներ, օրինակ, բենզին տեղափոխելու անհրաժեշտություն, շեշտում է Ղազարյանը:

Արա Ղազարյան - Ադրբեջանը փորձում է սցենարներ խաղարկել` դիմագրավելու համար օրեցօր աճող միջազգային իրավական ճնշմանը, վերջինը Հաագայի վերահաստատումն էր, որ ճանապարհը փակ է և փակ է ապօրինի կերպով:

Արա Ղազարյանը նշում է՝ վերջին ամիսներին միջազգային մարմիններն ավելի հաճախ են իրերն իրենց անունով կոչում և հասցեական կոչերով դիմում. հայկական կողմը պետք է շարունակի աշխատել բոլոր կառույցների հետ և տարբեր հարթակներում՝ դիվանագիտությամբ ու փաստերով:

Արա Ղազարյան - Ընդունվում են հայկական կողմի պնդումները և մերժվում են ադրբեջական պնդումները, հենց թեկուզ ականների վերաբերյալ 2 պարտություն ունեն, հիմա էլ Արդարադատության միջազգային դատարանի իրենց դատավորին են փոխել, քանի որ իրենց դեմ նաև իրենց դատավորն էր քվեարկել, որովհետև իրենց բերած փաստարկներն անհեթեթ էին:

Ճիշտ այնպես, ինչպես հիմա է անհեթեթ բենզին ու ծխախոտ տեղափոխելու պատրվակը՝ անցակետը ամբողջությամբ փակելու համար: Աշխարհի ոչ մի կետում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներն այնքան մանրազննին չեն խուզարկվում, որքան Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետում. սա արդեն Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքն է: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ վերջին շրջանում ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում էր ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակի դուրսբերման կամ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ենթարկելու ապօրինի պահանջը՝ անընդհատ առիթ փնտրելով այն հիմնավորելու և իրականացնելու համար:

Լաչինի միջանցքի փակ լինելու ընթացքում Կարմիր Խաչի ուղեկցությամբ 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով: Լեռնային Ղարաբաղում դեռ 186 բուժառու անհապաղ բուժօգնության կարիք ունի, սպասում է Հայաստան տեղափոխվելու հնարավորության:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում