Մեր ժողովուրդը կարողացավ պայքարի արդյունքում հասնել իր նպատակին, ստեղծվեց Արցախի Հանրապետությունը, մեր հայրենիքի մի հատվածն ազատագրվեց, ցավոք սրտի հետագա զարգացումները բերեցին նրան, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով արցախահայությունը բռնատեղահանվեց և հիմնական մասը ապրում է Հայաստանի տարածքում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։
«Իմ կարծիքով ամեն ինչ վերջացած չէ, որովհետև անընդհատ աշխարհը փոխվում է: Իմ կարծիքով, ներկայումս երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում այս վերջին տարիներին: Աշխարհի վերաձևում է կատարվում, ուժային կենտրոնների և կողմից նոր աշխարհակարգ է ձևավորվում, և այդ աշխարհակարգում թե՛ Հայաստանի Հանրապետությունը և թե՛ հայ ժողովուրդը, և ինչու չէ նաև Արցախի Հանրապետությունը, որը, ըստ էության, այսօր ֆիզիկապես չկա, բայց համենայնդեպս մնալու, ապրելու կամքը, կարծում եմ՝ ժողովրդի մեջ կա և պետք է մենք հնարավորինս այդ իրավիճակի մեջ փորձենք մեր ազգային շահը տեսնել, որտեղ է և հետամուտ լինել այդ շահի իրականացմանը։
Այսինքն, թե միջազգային ատյաններում, տարբեր դաշնակից պետությունների, թե մեր ժողովրդի ներուժի այդպես միավորմամբ, կարծում եմ, որ հնարավոր է ինչ-որ մի բանի հասնել։ Իհարկե, ասել, որ դա վաղն է լինելու կամ մյուս օրն է լինելու, կարծում եմ՝ նման ձևով չպետք է հարցին մոտենալ, այլ պարզապես պետք է ձգտել փորձել, որովհետև ոչ մի ազատություն, առավել ևս պետականություն ունենալը այդքան էլ այդպես հեշտ գործ չի, հեշտ չի տրվում: Իհարկե, այսօր արցախահայությունը ծանր իրավիճակի մեջ է, թե՛ հոգեկան, թե՛ ընդհանուր առմամբ, բայց կարծում եմ, որ այս փորձության միջով էլ կանցնենք»,- ընդգծեց Բալայանը:
0Comments