Արցախում արդեն սկսվեց մոբիլիզացիան. մարդկանց սկսել են ծանուցագրեր գնալ. պատերազմն անխուսափելի է

Մանրամասներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը. «Եթե հրաժարվում ես բանակցելուց՝ պատրաստվիր պատերազմին:

Ուրբաթ օրը Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, ըստ էության, ասում է, որ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չվերականգնվի կամ Ադրբեջանը «պուպուշ» չդառնա, Ստեփանակերտը Բաքվի հետ չի բանակցի:

Եթե հաշվի առնենք, որ Փոքր Մհերը Ագռավաքարից ավելի շուտ դուրս կգա, քան Մինսկի խումբը կվերականգնվի կամ Ադրբեջանը կսիրի հայերին, ապա Արցախի ԱԳՆ-ի՝ հունիսի 16-ի հայտարարությունը այն մասին է, որ Արցախը հրաժարվում է տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ բանակցելուց:

Ինչ խոսք, շատ հեշտ է ասել «Ադրբեջանը վատն է, իր հետ չենք բանակցի»:

Բա հետո՞:

Ակնհայտ է, չէ՞, որ եթե Ստեփանակերտը հրաժարվում է Բաքվի հետ խոսելուց, դա լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից ուժային քայլերի դիմելը:

Ի վերջո, եթե չկա բանակցություն և չկա խաղաղություն պարտադրող ուժ կամ մեխանիզմ, պատերազմը, այս կոնտեքստում, անխուսափելի է:

Հասկանալի է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը բացահայտ դեմ են Մոսկվայում (իրենք դա չեն էլ թաքցնում):

Բայց արդյո՞ք ռուսական խաղաղապահ ուժերը կմիջամտեն, եթե Ադրբեջանը դիմի ուժի:

Ինչ խոսք, Ստեփանակերտի՝ Բաքվի հետ բանակցելու ցանկությունը դեռ չէր նշանակում, որ Ադրբեջանը Արցախի հետ ողջամիտ պայմանավորվածության կգա ու հայերին հանգիստ կթողնի:

Բայց բանակցելուց հրաժարվելը համարյա միարժեքորեն նշանակում է, որ ամեն ինչ գնալու է վատթարագույն սցենարով:

Եվ ահա տեսնում եք, որ երեկ, այսինքն փաստացի չբանակցելու մասին հայտարարությունից 4 օր անց, Արցախում արդեն սկսվեց մոբիլիզացիա (մարդկանց սկսել են ծանուցագրեր գնալ):

Դե ինչ ասեմ:

Եթե Փոքր Մհերի պես ասում են, որ մինչև աշխարհը չբարիանա՝ չեն բանակցելու, պետք է պատրաստվեն պատերազմի, քանի որ Ադրբեջանը դժվար թե համբերատար սպասի «աշխարհի բարիանալուն»»: 

Դանիել Իոաննիսյան