Շատերը սովոր են սմարթֆոնն իրենց հետ տանել անկողին, դնել բարձի տակ կամ մահճակալի մոտ գտնվող պահարանի վրա։ Որոշ դեպքերում, սակայն, այս սովորությունը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել։
ՏՏ փորձագետ Իվան Սամոյլենկոն Газета.Ru-ին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից սարքերը բարձր ջերմաստիճանի պարագայում ակտիվ օգտագործման դեպքում կարող են բռնկվել։
«Մարտկոցի գերտաքացման պատճառով հեռախոսը կարող է կոտրվել կամ նույնիսկ բռնկվել. նման դեպքեր կան, բոլորը են լսել դրանց մասին։ Քնի ժամանակ մենք պարզապես կարող ենք պառկել հեռախոսի վրա և վնասել դրա մարտկոցը, ինչը նույնպես կարող է հրդեհի առաջացման վտանգ պարունակել։ Ուստի սմարթֆոնը միանշանակ չպետք է օգտագործել անկողնում, հատկապես քնելուց առաջ»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սմարթֆոնն անկողնում օգտագործելն առավել վտանգավոր է, եթե այն միացված է լիցքավորիչին։
«Դա իսկապես վտանգավոր է և վնասակար առողջության համար: Հեռախոսի մարտկոցը շատ է տաքանում, երբ մենք ակտիվ խաղում ենք, տեսանյութեր ենք դիտում, այցելում ենք սոցիալական ցանցեր։ Այն, որ սմարթֆոնը նույնպես միացված է լիցքավորիչին, միայն մեծացնում է ռիսկը»,-ասել է Սամոյլենկոն։
Նրա խոսքով՝ բոլոր արտադրողներն անընդհատ զգուշացնում են, որ չի կարելի սմարթֆոն օգտագործել լիցքավորման ժամանակ, սակայն օգտատերերը, այնուամենայնիվ, խախտում են այս կանոնը։
Վերջին ամիսներին արդեն մի քանի դեպք է գրանցվել, երբ հեռախոսները բռնկվել են՝ անկողնում կամ նույնիսկ օգտատիրոջ գրպանում։ Դեպքերից մեկը մահացու ելք է ունեցել։
Օրինակ՝ Redmi Note 10 Pro սմարթֆոնը բռնկվել է և հալվել, մինչ հեռախոսի տերը քնած է եղել։
Redmi Note 12 Pro սմարթֆոնը հրդեհվել էր սեփականատիրոջ ծոցագրպանում, երբ նա աշխատելիս էր եղել դաշտում։
Վերջերս պայթել էր OnePlus 8 Pro սմարթֆոն, ընդորում՝ այն ժամանակ, երբ հեռախոսը գտնվում էր սպասման ռեժիմում․ այն ո՛չ օգտագործվում էր, ո՛չ էլ լիցքավորվում։
Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել ԱՄՆ-ում, երբ բռնկվել էր լիցքավորվող iPhone 4-ը։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր հեռախոսի բռնկման պահը, կրակն ավելի ուշ մարել էր։ Տան բնակիչներից ոչ ոք չէր տուժել։
Երբեմն նման դեպքերն ավարտվում են ողբերգությամբ․ օրինակ՝ Հնդկաստանում Redmi Note 5 Pro-ի մարտկոցի պայթյունից 8-ամյա աղջիկ էր մահացել։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարտկոցը պայթել է գերտաքացման հետևանքով, թեև հեռախոսն այդ պահին լիցքավորվելիս չի եղել։
0Comments