Շրջհարկ և ԱԱՀ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնելու բիզնեսը 2025 թ. տարեսկզբից

Մանրամասներ
հայաստան ֆինանս

Հարկային նոր խստացումները տնտեսվարողներին ծանր իրավիճակի առաջ են կանգնեցրել. նրանց մատուցած ծառայությունները կա՛մ կտրուկ կթանկանան, կա՛մ նրանք բիզնեսը փակելու վտանգի առաջ կկանգնեն։

ՀՀ–ում միկրոձեռնարկատերերի մեծ մասը, փոքր և միջին մի շարք բիզնեսներ 2025 թ. հունվարի 1–ից սկսած հարկային նոր պայմաններում են գործելու։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։ Ի դեպ, ՀՀ կառավարության նպատակն է` փուլ–փուլ հրաժարվել արտոնյալ համարվող շրջանառության հարկից, և բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր` ԱԱՀ համակարգ։

Այսպիսով, այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։

Ըստ այդմ` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։

Միկրոձեռնարկատիրության ցանկից (որի տարեկան շրջանառությունը 24 մլն դրամ է–խմբ.) դուրս կբերվեն և կանցնեն շրջանառության հարկի համակարգ մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում, մասնավորապես, գեղեցկության սրահների ներկայացուցիչները, ինչպես նաև տաքսի ծառայությունների վարորդները նշեցին, որ «ցայտնոտի մեջ են հայտնվելու» եկող տարի` ավելի շատ հարկ են վճարելու, քան կկարողանան գումար աշխատել։

Հարկային այս խստացումները Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի համար անընդունելի են հատկապես այն առումով, որ պատկան մարմինները ոչ մի հիմնավոր վերլուծություն չեն ներկայացրել, թե կոնկրետ ի՞նչ տնտեսական արդյունքի համար են դրանք արվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ՊԵԿ-ում տարիներ շարունակ կա այն կարծիքը, թե խոշոր բիզնեսը տրոհում է իր բիզնեսը, որ պարզ հարկման համակարգով կամ շրջհարկով աշխատի՝ խուսափելով ԱԱՀ հարկերից։

«Այս մասին միայն եղել են խոսակցություններ, սակայն երբեք կոնկրետ օրինակներ չեն ներկայացվել։ Այս խոսակցությունները նաև պետք է հիմնավորի էկոնոմիկայի նախարարությունը, սակայն ՊԵԿ–ն ու ֆիննախը նրան մղել են պասիվ ռեժիմ։ Պետք է մի օր այդ վերլուծությունն արվի, որ վերջակետ դրվի այդ կասկածներին»,– ընդգծեց նա։

Մակարյանի կարծիքով` ՊԵԿ–ը, որպես իր քայլերի հիմնավորում, պետք է մանրամասն ներկայացնի, թե ո՞ր ոլորտներում կան նման տրոհումներ, քանի՞ կազմակերպության մասին է խոսքը ու արդյունքում որքա՞ն գումար չի մտել բյուջե։

Նա անդրադարձավ նաև Հարկային օրենսգրքի այն փոփոխությանը, որով 2025 թ․ հուլիսի 1–ից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն շրջհարկի համակարգում գործող հաշվապահական, իրավաբանական ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները (ոլորտների ցանկը սկզբնական նախագծում ավելի մեծ էր–խմբ.)։ Իսկ արդեն տարեսկզբից` հունվարի 1–ից, ԱԱՀ դաշտում կգործեն փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները։

«Ֆինանսական ու իրավաբանական ծառայությունները օգնում են բիզնեսին, բարելավում նրա գործունեությունը, որ նա կարողանա աշխատել թափանցիկ, կանխատեսելի, որի արդյունքում էլ պետությունը նաև կարողանում է հարկեր հավաքագրել, կրճատել ստվերը։ Այսինքն, նրանք կրթում են բիզնեսը, ձեռնարկատիրական մշակույթը լավացնում են։ Հիմա օրենքի այս փոփոխություններով պետությունը հարվածում է այս ոլորտին»,– ընդգծեց Մակարյանը։

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախնական նախագծի մեջ ներառված էր նաև կառավարման խորհրդատվության ոլորտը, որը ևս պետք շրջհարկից տեղափոխվեր ԱԱՀ համակարգ։ Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների` 2–րդ ընթերցման քննարկման ժամանակ որոշում կայացվեց այս և մի շարք այլ ոլորտներ դեռևս չտանել ԱԱՀ դաշտ։

Կառավարման խորհրդատվության հայաստանյան ինստիտուտի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպության մի շարք անդամներ, այնուամենայնիվ, ներառվելու են ԱԱՀ համակարգ, քանի որ զբաղվում են ֆինանսական խորհրդատվությամբ։

Նրա խոսքով` գերակշռում են անհատ խորհրդատուները, որոնք աշխատում են ԱՁ կարգավիճակով ու սպասարկում են շուկայի միկրո և ՓՄՁ ոլորտը։

«ԱԱՀ–ով ծառայություններ մատուցելիս խորհրդատուները ստիպված պետք է իրենց ծախսերն ավելացնեն, քանի որ վարչարարական, հաշվապահական լրացուցիչ փաստաթղթավորում, լրացուցիչ բարդություններ են մտնելու, ծախսը 30-40 տոկոսով ավելանալու է, քանի որ հարկային դրույքի փոփոխությունը ենթադրում է հարկերի ավելացում»,– նշեց Մեսրոպյանը։

Արդյունքում, ըստ նրա, խորհրդատվական ծառայությունը դառնալու է գրեթե անհասանելի միկրո, ՓՄՁ բիզնեսի համար, իսկ դա նշանակում է, որ նրանք ստիպված են լինելու հրաժարվել այս ոլորտի առաջարկներից։

Ըստ Մեսրոպյանի` ամենամեծ խնդիրն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի կատարել վերլուծություն՝ քանի՞ խորհրդատվական ընկերություն կա ՀՀ–ում, ի՞նչ շրջանառության մասին է խոսքը, քանի ՞տոկոսն է, որ ԱԱՀ չվճարելով խնդիր է առաջացնում, որքա՞ն հարկի կորուստ կա խորհրդատվական ոլորտի համար և արդյոք խորհրդատվական ոլորտն իսկապես ստվերային է, որ պետք է պայքարել նրա դեմ։

«Այսինքն, երբ օրենքի փոփոխություն ես առաջարկում, որի տակ չկա ոչ մի վերլուծություն, ոչ մի վիճակագրություն, ոչ մի հիմնավորում, որով ոլորտի ներկայացուցիչներին կարող ես հստակ հիմնավորել՝ ինչու է կարևոր, որ այդ փոփոխությունը լինի, բնականաբար, մեր կողմից դիմադրությունը շատ ավելի ուժեղ է լինում»,– նշեց կառավարման խորհրդատուն։

Ի դեպ, ՀՀ կառավարությունը նաև օրենսդրական սահմանափակում է կիրառել․ եթե շրջհարկի համակարգում աշխատող ոլորտները ծառայություններ մատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա վերջիններս չեն կարողանա այդ ծառայությունները ծախսագրել։

Օրենսդրական այսպիսի փոփոխություններ անող ՀՀ իշխանությունների պատճառաբանությունը մեկն է` շրջանառության հարկի համակարգը խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։ Արդյունքում, պետական բյուջե պակաս մուտքագրումներ են արվում։

Այդ մասին հայտարարել էր նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` նշելով, որ 2022 թ. տվյալներով` կա շուրջ 56 հազար շրջհարկ վճարող, որոնք 2023 թ. վճարել են ՀՀ ընդհանուր հարկերի ընդամենը 2.3 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։