Ուզում եմ հասկանալ՝ ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել. ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

ԱԺ-ում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստը վարողի իրավունքով հարց ուղղեց ընդդիմության առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին։

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ և դա չեք թաքցնում, ակնհայտ է, որ Դուք վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի նկատմամբ, Ձեզ ներկայացնող անձնավորությունը ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն, Ձեր թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում հայտնվում է վերջում  ու ակնհայտ է, որ իրենց համար մեկ է։

Ուզում եմ հասկանալ՝ ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել, ինձ համար ակնհայտ է որ Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու , «եթեր» գալու իմաստը ո՞րն էր»,- ասաց Սիմոնյանը։

Արձագանքելով Սարգսյանը նշեց, որ վստահ չէ, որ ՔՊ խմբակցությունից բոլորը դեմ են քվեարկելու։

«Ես կարծում եմ, որ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ, ես կարծում եմ, որ պետական գործիչը պետք է առաջնորդվի պետության շահերով, եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնում ոչինչ, ես որոշակի ուղղություններով մասնագիտացած փաստաբան եմ և ունեմ իմ աշխատանքը, բայց մեծամտություն չհնչի՝ կկորցնի պետությունը, որովհետև ինձ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում»,- ասաց Անահիտ Սարգսյանը։