Ավստրիան կձերբակալի Պուտինին, եթե նա այցելի այդ երկիր

Մանրամասներ

Ավստրիան, որպես Հռոմի ստատուտի մասնակից, կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կձերբակալի ու Միջազգային քրեական դատարանին կարտահանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս որոշի այցելել այդ երկիր։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ավստրիայի արդարադատության նախարարության հայտարարությանը։ 

«Ավստրիան Հռոմի կանոնադրության մասնակից է։ Դա նշանակում է, որ Ավստրիան, ինչպես և պայմանագրի մյուս կողմերը, պարտավոր են համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ։ Դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերները պետք է իրագործվեն, իսկ Դատարանի կողմից որոնվող անձինքն պետք է ձերբակալվեն»,- հայտարարել են գերատեսչությունում։

Ավստրիայի արդարադատության նախարարությունում նաև ընդգծել են, որ «2019 թվականին Միջազգային քրեական դատարանը մեկ գործի շրջանակներում (ի նկատի ունեն Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի գործը-խմբ.) ամրագրել է, որ Դատարանի առաջ իմունիտետ չունեն նույնիսկ երկրների ղեկավարները»։ 

«Որևէ մեկն օրենքից վեր չէ, ինչը կոնկրետ նշանակում է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Անպատժելիություն չպետք  է լինի»,- հավելել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։

Ավելի վաղ, Գերմանիան հայտարարել էր, որ կձերբակալի Պուտինին, եթե վերջինս ժամանի Գերմանիա։ Փոխարենը Հունգարիան հրաժարվել է կատարել դատարանի այդ պայմանը։ 

Օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին հնարավոր է այցելի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ Bloomberg գործակալության՝ այդ երկրի իշխանությունները դժվար թե ձերբակալեն Պուտինին։