Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք դրանք. Սի Ծինփինը՝ Պուտինին

Մանրամասներ

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուշագրավ հայտարարություն է արել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտքի մոտ՝ Սի Ծինփինին ճանապարհելու։ Դռան մոտ առաջնորդները կանգ են առել հրաժեշտի խոսքեր փոխանակելու համար։

«Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները», - ասել է Չինաստանի ղեկավարը երկար ձեռքսեղմման ժամանակ։

«Համաձայն եմ»,- պատասխանել է ՌԴ ղեկավարը։ 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռուսաստանը դարձել է Սի Ծինփինի այցելած առաջին երկիրը։ Նրա այցը տևել է երեք օր՝ մարտի 20-ից մինչև 22-ը։ Առաջին օրը Չինաստանի ղեկավարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։ Երեկ՝ մարտի 21-ին, Կրեմլի Մեծ պալատում երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ են տեղի ունեցել ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Սին և Պուտինը ստորագրել են հայտարարություն տնտեսական համագործակցության պլանների և գործընկերության խորացման ծրագրերի մասին: