Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագիրը հանրապետության մայրաքաղաքն Աստանա վերանվանելու մասին ուժի մեջ է մտել այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ղազախստանսկայա պրավդա» պաշտոնական թերթում հրապարակվելուց հետո։
Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանը Աստանա վերանվանելու մասին հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 19-ին ուղիղ կեսգիշերին։ Այն ուժի մեջ է մտնում առաջին պաշտոնական հրապարակման օրվանից։ Թերթը հրապարակել է նաեւ սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների մասին օրենքը։
Սեպտեմբերի 17-ին Տոկաևը ստորագրել է սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի՝ Աստանայի նախկին անվանումը վերադարձվում է Ղազախստանի մայրաքաղաքին։ Նույն օրը նա հրամանագիր է ստորագրել մայրաքաղաքն անվանափոխելու մասին։ Բացի այդ, հիմնական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը սահմանափակվում է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։
0Comments