Լեհաստանը ստեղծում է Եվրոպայում ամենամեծ բանակը․ The Telegraph

Մանրամասներ

Լեհաստանը սկսել է իր բանակի վերազինման ամենամեծ արշավը վերջին 50 տարվա ընթացքում՝ նպատակ ունենալով այն դարձնել ամենաուժեղը եվրոպական մայրցամաքում: Այս մասին գրում է The Telegraph-ը։

Վարշավան ստիպված եղավ վերազինվել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Լեհաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ ապագայում իրենց երկիրը կարող է դառնալ նաև Մոսկվայի «հետաքրքրության» օբյեկտ։

Լեհաստանն այս տարի պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 4%-ը, ինչը երկու անգամ գերազանցում է ՆԱՏՕ-ի նվազագույն շեմը։ Այս ցուցանիշով Լեհաստանը կդառնա Դաշինքի առաջատարը՝ մեկ շնչին ընկնող պաշտպանական ծախսերի գծով։

Նոր սարքավորումների գնման որոշ գործարքներ կնքվել են դեռևս ուկրաինական պատերազմից առաջ, սակայն ներխուժումն արագացրել է գործընթացը և դրդել բազմաթիվ նոր պայմանագրերի կնքմանը։

«Լեհաստանի համար չափազանց կարևոր է հնարավորինս արագ բարձրացնել անվտանգության մակարդակը: Մենք դա կարող ենք անել միայն ուժեղ բանակ ստեղծելով: Բավականաչափ ուժեղ՝ ցանկացած պոտենցիալ ագրեսորի հարձակումը զսպելու համար», – ասել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

Այս ռազմավարության շրջանակներում Լեհաստանն արդեն պատվիրել է 1000 K2 հիմնական մարտական ​​տանկ Հարավային Կորեայից և 250 նոր M1A2 SEPv3 Abrams տանկ ԱՄՆ-ից։ Դա կլինի Եվրոպայի ամենամեծ տանկային խմբավորումը։

Լեհական հրետանային ուժերը սպասում են 600 կորեական K9 հաուբիցների, 18 HIMARS կայանքների և 288 հարավկորեական K239 Chunmoo MLRS-ի ժամանմանը։

Լեհերը նախատեսում են նաև ինքնուրույն արտադրել ավելի քան 1000 «Բորսուկ» հետևակի մարտական ​​մեքենաներ: Օդային ուժերը պետք է համալրվեն ԱՄՆ-ից գնված 96 AH-64E Apache ուղղաթիռներով և Հարավային Կորեայից պատվիրված 48 FA-50 մարտական ​​ինքնաթիռներով։

Բացի զենքի գնումից, նախատեսվում է կրկնապատկել կանոնավոր բանակում զինվորականների թիվը՝ մինչև 300 հազար մարդ։ Այս ցուցանիշով Լեհաստանը Եվրոպայում նույնպես առաջին տեղում կլինի Ուկրաինայից և Ռուսաստանից հետո։