
Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:
Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
0Comments