Կենտրոնական բանկը դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում է կանխատեսում

Մանրամասներ
ա

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ դեկտեմբերին գնաճի որոշակի արագացում կլինի, սակայն ավելի ցածր, քան նախկինում կանխատեսել էր, իսկ տարվա համար ՀՆԱ-ի կանխատեսած ցուցանիշը թողել է անփոփոխ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Մեր կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերին կլինի գնաճի որոշակի արագացում, սակայն մի փոքր ավելի ցածր, քան մենք նախկինում ակնկալում էինք: Այս պահի դրությամբ մեր կանխատեսումը տարվա համար 9-9.5 տոկոսի միջակայքում է»,-ասաց Գալստյանը: Իսկ ինչ վերաբերում է ՀՆԱ-ին, ապա գլխավոր դրամատունը անփոփոխ է թողել իր նախորդ կանխատեսումը, այսպիսով՝ 2022-ի արդյունքում կանխատեսում է ՀՆԱ-ի 12.9 տոկոս աճ:

«Փոփոխություն կա կառուցվածքի մեջ, բայց թվի մեջ փոփոխություն չկա՝ մեր նախորդ կանխատեսման համեմատ: Ավելի ցածր ենք կանխատեսում ծառայությունների ոլորտի աճը՝ 19.4 տոկոսի փոխարեն 18.8 տոկոս, սակայն ավելի բարձր ենք կանխատեսում շինարարության աճը՝ 14.1 տոկոսի փոխարեն 20.1»,-ասաց ԿԲ նախագահը: ԿԲ-ն ակնկալում է գյուղատնտեսության աճի կանխատեսումը ևս վերանայել և իջեցրել է այն՝ նախկին 3.2 տոկոսի փոխարեն կանխատեսում է 0.7 տոկոս աճ: