«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկար ճանապարհ անցած գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս»-ը, անգամ հայտնի է աճուրդի օրը՝ հոկտեմբերի 23-ը: Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը:
Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն այս աճուրդին կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Տեղեկացնենք, որ հինգաստղանի հյուրանոցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments