ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները բունտ են անում: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին գործարանի աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ մինչ օրս դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չեն ստացել, բացի այդ գործարանի մի շարք վարորդների աշխատանքից ազատում են, նրանց փոխարեն այլազգիներ ընդունում:
«Մենք հունվարի 15-ին պետք է դեկտեմբերի աշխատավարձը ստանայինք, բայց մինչև այսօր չեն վճարել: Գործարանի 1300 աշխատողների մեծ մասը վարկեր, պարտքեր ունեն ու հիմա չգիտեն՝ ինչ անեն: Աշխատացրել ու փողը չեն տալիս: Հարցնում ենք՝ մեր աշխատավարձերը, ե՞րբ կտաք, ասում են՝ չգիտենք:
Բացի այդ, հանքում հումք կրելու համար նոր ավտոներ են բերել, զուգահեռ նաև մալականների են ընդունել, մեր «Բելազի» վարորդներին էլ հանում են, ասում են՝ դավայ»,- ասաց մեր զրուցակիցը:
Աշխատակցը նաև ասաց, որ գործարանի մի հատվածն այս պահին դեռ աշխատում է, բայց հնարավոր է՝ այնտղ ևս դադարեցվեն աշխատանքները.
«Չգիտենք՝ ինչքան կտևի այս վիճակը, քանի որ ժողովուրդը ցեմենտավոզներին չի թողնում հումք բարձեն, ճանապարհը փակել են…»:
Հարցին՝ փորձե՞լ են խնդրի մասին Գագիկ Ծառուկյանին հայտնել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց.
«Ծառուկյանը շատ լավ էլ տեղյակ է խնդրից, ավելին, այստեղ ինչ կատարվում է հենց իր դաբրոյով է: Տնօրենը՝ Գոռը, Ծառուկյանի մորքուրի տղեն է...»:
NEWS.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
0Comments